Արցախի ԱԺ_ն արտահերթ նստաշրջան է գումարել
Հունիսի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, բացելով արտահերթ նստաշրջանը, շնորհավորել է պատգամավորներին հունիսի 30-ին նշվող պառլամենտարիզմի միջազգային օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ անձնական կյանքում ու օրինաստեղծ աշխատանքում:
Նստաշրջանը մեկնարկել է երդման արարողությամբ.
Հիմք ընդունելով հունիսի 15-ին պատգամավոր Հովիկ Ջիվանյանի հրաժարական տալու մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 137-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով՝ դադարել են «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրված Հովիկ Ջիվանյանի պատգամավորական լիազորությունները: ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով հերթական հաջորդ թեկնածու Վիգեն Հարությունյանը:
Վերջինիս երդման արարողությունից հետո խորհրդարանն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և կառավարության անդամների մասնակցությամբ խորհրդարանը քննարկել է ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած՝ Արցախի Հանրապետության 2019թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Անադրադառնալով մշտական հանձաժողովներում և խմբակցություններում տեղի ունեցած քննարկումների արդյունքներին՝ Ֆինանսների նախարարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, ստացել են շուրջ 60 հարցադրում և առաջարկություն:
Շարունակելով քննարկումը՝ 2019թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության մասին եզրակացություն է ներկայացրել Հաշվեքննիչ պալատի նախագահը՝ այն գնահատելով դրական:
Նախագծի վերաբերյալ դրական եզրակացություններ են ներկայացրել նաև ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արթուր Հարությունյանը և Սեյրան Հայրապետյանը:
Մտքերի փոխանակությունից հետո բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն», «Միասնական հայրենիք» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցություները:
Եզրափակելով քննարկման արդյունքները՝ պատգամավորների հնչեցրած մտահոգություններին ու հարցադրումներին է անդրադարձել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ընդգծելով, որ կառավարությունն հաշվի է առնելու կառուցողական առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում նաև տրվելու են պարզաբանումներ:
Ձայների 25 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանը հաստատել է ԱՀ 2019թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների գծով 117,982,025.2 հազ ՀՀ դրամ, ծախսերի գծով՝ 111,818,706.0 հազ ՀՀ դրամ, բյուջեի հավելուրդը՝ 6,163319.2 հազ ՀՀ դրամ:
Հաջորդիվ ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամներ Արամ Գրիգորյանի և Արմեն Հակոբյանի համահեղինակած՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով նախագիծը՝ Արամ Գրիգորյանը նշել է, որ փոփոխության արդյունքում Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել նաև հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող պաշտոնատար անձը՝ առանց հաշվի առնելու հինգ տարվա ղեկավարի պաշտոնում աշխատած լինելու հանգամանքը:
Հարցերից ու ելույթներից հետո խորհրդարանը 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունել է:
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է իր և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում ընդգրկվելու ցանկության մասին և քննարկման ներկայացրել ««Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-011-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ԱԺ որոշումը: Որոշման համաձայն՝ Արթուր Թովմասյանը համալրել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի, իսկ Գագիկ Բաղունցը՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների կազմերը:
Խորհրդարանը միաձայն ընդունել է որոշումը:
Ընդմիջումից հետո պատգամավորները լսել և ի գտություն են ընդունել Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ներկայացրած՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդումը և Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանի ներկայացրած՝ խորհրդի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:
Կարծիքներ