Կրեմլը վերբեռնում չի ակնկալում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից
Երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի առաջին հանդիպումից հետո Կրեմլը բոլոր տարաձայնությունների լիարժեք լուծում եւ հարաբերությունների վերբեռնում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ չի ակնկալում, բայց կոչ է անում չնվազեցնել գագաթնաժողովի նշանակությունը: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դժվար է ակնկալել, որ առաջին հանդիպման ընթացքում հնարավոր կլինի փոխըմբռնում ձեռք բերել խորը տարաձայնությունների հարցերի շուրջ: Սակայն, միեւնույն ժամանակ, սխալ կլինի նաեւ նսեմացնել այս հանդիպման նշանակությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա նշեց, որ Մոսկվան Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վերագործարկում չի ակնկալում առաջնորդների հանդիպումից: «Հավանաբար, մենք այստեղ չէինք խոսի վերբեռնման մասին: Վերբեռնման մեր փորձը լավագույնը չէ երկկողմ հարաբերություններում»,- պարզաբանեց Պեսկովը:
Բացի այդ, ըստ Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարի, «դեր ունի նաեւ այն բացասական ներուժի իներցիան, որը, ցավոք, հավաքվել է Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններում:
Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչը շեշտեց, որ երկու առաջնորդների առաջիկա հանդիպումը շատ նշանակալի է: «Կարեւոր է, որ, այնուամենայնիվ, նախագահները հնարավորություն կունենան մտքեր փոխանակել եւ համեմատել իրենց դիրքորոշումները երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: Եվ նաեւ, ինչը շատ կարեւոր է` այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ամբողջ աշխարհի համար»,- ասել է նա:
Պեսկովը պարզաբանեց, որ խոսքն այդ թվում ռազմավարական կայունության եւ զենքի վերահսկման խնդիրների մասին է: «Ուստի, իհարկե, ես կառաջարկեի այս հանդիպման արդյունքների վերաբերյալ չափազանց մեծ սպասումների չտրվել, սակայն` ելնել նրանից, որ կոնկրետ կիրառական իմաստով սա շատ կարեւոր իրադարձություն է»,- ամփոփեց նա:
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարի մամուլի խոսնակը վստահություն հայտնեց, որ Պուտինը Բայդենի հետ հանդիպմանը պատժամիջոցների թեման չի բարձրացնի: «Նախագահ Պուտինն ինքը պատժամիջոցների հարցը չի բարձրացնում, քանի որ Ռուսաստանը երբեք նման պատժամիջոցների վարժությունների կողմնակից չի եղել»,- ասել է նա:
Մեկնաբանելով Բայդենի վերջին հայտարարությունները «Հյուսիսային հոսք 2» նախագծի դեմ պատժամիջոցների անարդյունավետության մասին` Պեսկովն ընդգծեց.« Մեր տեսակետն այն է, որ պատժամիջոցներն ընդհանուր առմամբ անարդյունավետ են»:
Գագաթնաժողովի արդյունքում որեւէ փաստաթղթի ստորագրում դեռ նախատեսված չէ, ասել է Պեսկովը: «Ոչ, դեռ չի քննարկվել, դեռ չի նախատեսվում»,- ասել է նա:
Կարծիքներ