«Քաղաքականությունը չպետք է լինի մարտի դաշտ»․ Բայդենը Թրամփի դեմ մահափորձից հետո դիմել է ամերիկացիներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո Սպիտակ տնից դիմել է ամերիկացիներին՝ խնդրելով նրանց «նվազեցնել ջերմաստիճանը քաղաքականության մեջ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բայդենի ուղերձը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Բարեբախտաբար, նախկին նախագահ Թրամփը լրջորեն չի վիրավորվել։ Ես նրա հետ խոսել եմ անցյալ գիշեր։ Ես երախտապարտ եմ, որ նա լավ է զգում», - ասել է Բայդենը՝ նաև ցավակցություն հայտնելով Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ զոհված անձի հարազատներին։
Թրամփի դեմ մահափորձի ժամանակ հանրահավաքի զոհված մասնակիցը հրշեջ էր, որը պաշտպանել է իր ընտանիքին արձակված գնդակներից։ Բայդենը նրան բնութագրել է որպես հերոս։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ նման բռնությունը նորմալ համարվի։ Այս երկրում քաղաքական հռետորաբանությունը շատ է թեժացել։ Ժամանակն է այն սառեցնելու։ Եվ մենք բոլորս դա անելու պատասխանատվություն ունենք», - ասել է ԱՄՆ նախագահը։
Բայդենն ընդունել է, որ Թրամփի հետ ունի անհամաձայնություններ, ինչն էլ անխուսափելի է ամերիկյան ժողովրդավարության պայմաններում։
«Բայց քաղաքականությունը երբեք չպետք է լինի բառացի մարտի դաշտ, և Աստված մի արասցե, սպանության դաշտ», - նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում տարաձայնությունները լուծում են քվեարկության միջոցով, որ թե փամփուշտների։
ԱՄՆ նախկին նախագան Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Փենսիլվանիայում անցկացվող նախընտրական հանրահավաքի ժամանակ։ 20-ամյա հրաձիգ Մեթյու Քրուքսը մի քանի գնդակ է արձակել, որոնցից մեկը դիպել է Թրամփի աջ ականջին։ Մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Քրուքսը սպանվել է իրավապահների կողմից։
Կարծիքներ