Հնդկաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության պատճառով փակել են դպրոցները եւ քոլեջները

Հնդկաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության պատճառով փակել են դպրոցները եւ քոլեջները

Դելիի մայրաքաղաքային ազգային օկրուգի (որի կազմի մեջ է մտնում Նյու Դելին) օդի որակը ստուգող հանձնաժողովը նախազգուշացրել է, որ սահմանափակումները կերկարաձգվեն օդի որակի վատացման պատճառով, տեղեկացնում է NDTV-ն։

Դելիի եւ արվարձանների բոլոր դպրոցները եւ քոլեջները կանցնեն հեռավար ուսուցման մինչեւ քաղաքի մթնոլորտի վիճակի վերաբերյալ հաջորդ ծանուցումը։

Ընդ որում՝ բոլոր շինարարական աշխատանքները եւ շենքների քանդման նախագծերը կանգնեցված են մինչեւ նոյեմբերի 21-ը։

Հանձնաժողովը նաեւ առաջարկով դիմել է Դելիի եւ Հարյանա, Ռաջաստան, Ութար Փրադեշ հարեւան նահանգների իշխանություններին՝ պետական հաստատությունների աշխատակիցների մոտ կեսին թույլատրել աշխատել տնից մինչեւ նոյեմբերի 21-ը։ Նման առաջարկ ուղարկվել է նաեւ մասնավոր հատվածին։

Ենթադրվում է, որ Դելիի 11 ջերմակայաններից միայն 5-ն է գործելու։

Դադարեցվում է բեռնատարների մուտքը երկրի մայրաքաղաք՝ բացի առաջին անհրաժեշտության բեռներ տեղափոխող ավտոմեքենաներից։

Նյու Դելիում եւ Գուրգաոն, Նոյիդա եւ Գազիաբադ արվարձաններում օդի հետ կապված խնդիրներ են առաջացել նոյեմբերի 5-ից։ Տեղի բնակիչները դիմել են շնչարգելության եւ աչքերի քորի բողոքներով։

Հնդկաստանի մայրաքաղաքում թունամշուշի հիմնական պատճառը  խոզանի եւ հարդի այրումն է քաղաքի շրջակա դաշտերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում