Մեր միակ լուծումը Արցախի և ՀՀ-ի ռազմավարական դիմադրության մակարդակն արագ բարձրացնելն է. Արցախի պետնախարար
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վերջին օրերի ադրբեջանական ագրեսիային և Բաքվի նկատմամբ Արցախի ու Հայաստանի արդյունավետ դիմադրությանն՝ ընդգծելով, որ «մեր միակ լուծումը Արցախի ու Հայաստանի ռազմավարական դիմադրության մակարդակը մշտապես ու արագ բարձրացնելն է»:
Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, Արտակ Բեգլարյանը նշել է. «Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում մեր զինծառայողները բազմիցս դիմակայել են ադրբեջանական գրոհներին ու սադրանքներին: Ցավոք, հիմնականում ԱԹՍ-ների հարվածներից ունեցել ենք 2 զոհ և 19 վիրավոր: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գուրգեն Գաբրիելյանի և Արթուր Խաչատրյանի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Այս դեպքերը հերթական անգամ ապացուցեցին՝
Արցախի ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ ու ունակ ենք ինքնապաշտպանության.
Ադրբեջանը շարունակում է հայատյացության ու պատերազմի քաղաքականությունը՝ բացառելով հայ ազգի գոյությունն առնվազն Արցախում, իսկ ապագայում՝ նաև Հայաստանում.
Միջազգային ռազմաքաղաքական երաշխիքներն ու մեխանիզմները, հատկապես այս փխրուն աշխարհակարգի պայմաններում, ամբողջությամբ չեն ապահովում Արցախի ժողովրդի կայուն անվտանգությունը, և մենք ստիպված ու պարտավոր ենք շարունակաբար բարելավել մեր ռազմավարական դիմադրողականության մակարդակը.
Ադրբեջանի հայամերժ քաղաքականության պայմաններում հակամարտության ավարտը տեսանելի չէ, և Բաքուն փորձելու է պարբերաբար իրականացվող սադրանքների, իրավախախտումների ու տարաբնույթ ճնշումների միջոցով քիչ-քիչ էլ ավելի բարելավել իր ռազմաքաղաքական դիրքերը տարածաշրջանում ու հասնել Արցախի հայաթափմանը. Այդ նպատակի համար Ադրբեջանը կիրառում է տարբեր միջոցներ, ներառյալ՝
Ա) ուժի և ուժի սպառնալիքի կիրառում,
Բ) սեփական ռազմական կարողությունների շարունակական բարելավում,
Գ) Թուրքիայի ներքաշում տարածաշրջանային հարաբերությունների մեջ՝ սեփական օրակարգային հարցերով,
Դ) Արցախի մեկուսացման խորացում,
Ե) տարածաշրջանում ու աշխարհում Ադրբեջանի դերի ամրապնդմամբ ու կեղծ տեղեկատվական հոսքերով ադրբեջանական թեզերի ու շահերի առաջմղում,
Զ) հայության տարբեր հատվածների միջև պառակտման հրահրում ու խթանում,
Է) հայերի (առաջնահերթորեն՝ արցախահայության) շրջանում անօգնականության ու անելանելիության զգացողության սերմանում,
Ը) Արցախում ապրելու համար կարևոր պայմանների վատթարացում ու խոչընդոտում,
Թ) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ընդհանրապես Ռուսաստանի լծակների ու հնարավորությունների սահմանափակում տարածաշրջանում և հեղինակազրկում հատկապես հայերի շրջանում.
Քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի և ողջ հայության համար և հաշվի առնելով վերոնշյալ վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է հատկապես հետևյալ ոլորտներում՝
Ա) կայուն անվտանգություն,
Բ) աճող ժողովրդագրություն,
Գ) զարգացող տնտեսություն,
Դ) որակյալ կրթություն,
Ե) արդյունավետ կառավարում,
Զ) ազգային գաղափարախոսություն,
Է) պրագմատիկ միջազգային հարաբերություններ.
Այս ամենին հասնելու համար մեզ անհրաժեշտ է Արցախի հայկական ապագայի և հայոց պետականության զարգացման ու զորացման շուրջ ապահովել համազգային կայուն ու գործնական համախմբում.
Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը:
Այս հարցերի և հայ ազգի համար Արցախի բացառիկ կարևորության (Արցախականության) ու Արցախի ապագայի շուրջ իմ ավելի մանրամասն մտորումները կներկայացնեմ առաջիկայում՝ ծավալուն հոդվածով»:
Կարծիքներ