ԱՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Մարտունու շրջան, այցելել սահմանագծի պաշտպանական դիրքեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտունու շրջան, որտեղ այցելել է սահմանագծի պաշտպանական դիրքեր, ինչպես նաև ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և հանդիպումներ ունեցել Ճարտար, Սոս ու Մաճկալաշեն համայնքների բնակիչների հետ:
Ճարտար քաղաքում նախագահը դիտել է ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը՝ նվիրված Հայրենիքի պաշտպանության համար զոհված ըմբշամարտիկների հիշատակին: Այնուհետև երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել քաղաքի բնակիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակում անվտանգության ապահովմանն ու ապագային առնչվող հարցեր։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունը լուծում է անվտանգային խնդիրները՝ համադրելով Պաշտպանության բանակի, Հայաստանի Հանրապետության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերը, իսկ երկրի իշխանությունների օրակարգի կարևորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ քաղաքական ճանապարհով Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը:
Անդրադառնալով սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հաղթահարմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված քայլերին՝ նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ Ճարտարում առաջիկայում նախատեսվում է ստեղծել կոոպերատիվ տնտեսություն, որը, ապահովելով ոլորտի բոլոր տնտեսվարողների համատեղ գործունեությունը, կխթանի գյուղատնտեսության զարգացումը։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պետությունը ոլորտի համար նախատեսում է աջակցություն երեք ուղղություններով՝ այգեգործություն, բանջարաբուծություն և ջերմոցային տնտեսություններ։ Բացի դրանից, Ճարտարում շուտով կկառուցվեն խմելու և ոռոգման համար նախատեսված խոշոր ջրավազաններ, ինչպես նաև խմելու ջրի նոր ներքին ցանց։
Սոս համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է վերջին պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսներին, երախտագիտություն հայտնել նրանց հարազատներին և նշել, որ զոհված ազատամարտիկների ընտանիքները մշտապես լինելու են պետության հատուկ հոգածության ներքո։
Այս համատեքստում երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը նախատեսում է տեղադրել մոտ 10 արագ հավաքվող առանձնատուն՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաև բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների համար։
Անդրադառնալով համայնքի տնտեսական զարգացմանը՝ նախագահը հայտարարել է, որ, ինչպես Ճարտարի, այնպես էլ Սոս և հարակից գյուղերի համար ևս կստեղծվի կոոպերատիվ տնտեսություն, որը կապահովի ողջ ենթաշրջանի գյուղատնտեսական զարգացումը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Ճարտարի և Սոսի օրինակով առաջիկայում նմանատիպ ծրագրեր կիրականացվեն նաև այլ համայնքների համար։
Մաճկալաշենում Արայիկ Հարությունյանն այցելել է համայնքի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված զինծառայողների հիշատակին։ Այնուհետև նախագահը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, քննարկել անվտանգային, սոցիալական և տնտեսության զարգացման հետ կապված խնդիրներն ու ներկայացրել իր՝ ապագայի հետ կապված տեսլականը։
Մասնավորապես, նախագահը նշել է, որ շուտով համայնքում ստեղծվելու է նոր թռչնաֆաբրիկա, որը գյուղի ավելի քան 50 տնային և փոքր ֆերմերային տնտեսություններին հնարավորություն կընձեռնի մասնակցել դրա արտադրական գործունեությանն ու ունենալ եկամտի կայուն աղբյուր։
Կարծիքներ