Վրաստանում կկայանան Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ
![Վրաստանում կկայանան Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ](https://freenews.am/uploads/images/image_750x_6418b1745736b.jpg)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված՝ մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում կբացվի «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 13-ը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ցուցադրությունը ներկայացնում է թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումները՝ մարդկային հարաբերություններից մինչև գրական պոռթկումներ:
«Մարտի 24-ին Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի կունենա հիշատակի համերգ. ելույթ կունենա «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության տրամադրություններով:
Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով` Վրաստան կմեկնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ միջոցառման կազմակերպիչներ են Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, Հովհ. Թումանյանի թանգարանը (Երևան), «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը, «Հայարտուն» մշակութային կենտրոնը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (Երևան):
Կարծիքներ