Հայաստանը սահմանափակում է մի շարք երկրներից մուտքը

Հայաստանը սահմանափակում է մի շարք երկրներից մուտքը

Առողջապահության նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես սահմանափակել մի շարք երկրներից քաղաքացիների մուտքը Հայաստան՝ պայմանավորված կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածմամբ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կորոնավիրուսային վարակը շարունակում է մուտացվել, հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ։ Վերջին ենթատեսակը, որը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կոչվում է «օմիկրոն», և մուտացման աստիճանը բավական մեծ է։ 50 մուտացիա է կրում տվյալ վիրուսը, որից 30-ը վերաբերում է սպայկային սպիտակուցին, ինչն այս պահին մանրակրկիտ ուսումնասիրության առարկա է հանդիսանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է՝ հասկանալու համար, թե բացի տարածման ակտիվությունից ինչ այլ առանձնահատկություններ ունի այս նոր շտամը»,- ասաց Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ նախատեսվում է որոշ սահմանափակումներ կիրառել մի շարք երկրներից եկող քաղաքացիների համար։ Այսօր անցկացվելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվեն նախարարության առաջարկությունները։ «Մինչև օրվա վերջ արդեն կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը։ Նախատեսում են մի շարք երկրներից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոտսվանայի հանրապետություն, Լեսոթոյի թագավորություն, Զիմբաբվեյի հանրապետություն, Մոզամբիկի հանրապետություն, Մադասգասկար և Տանզանիա, քաղաքացիրների մուտքը ՀՀ ժամանակավորապես սահմանափակել։ Բացի դրանից, կլինեն որոշակի այլ սահմանափակումներ, որոնք մինչև օրվա վերջ հայտնի կլինեն», հավելեց նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում