Մադրիդի իշխանությունները զանգվածային անկարգությունների ֆոնին պահանջել են աշխատանքից ազատել Իսպանիայի փոխվարչապետին
Մադրիդի կառավարության ղեկավարն ու Մադրիդի քաղաքապետը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսից պահանջել են աշխատանքից ազատել փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասին ու պատասխանատվության ենթարկել Մադրիդում տեղի ունեցած անկարգությունների համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Նրանք պնդել են, որ կառավարության կազմում չպետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք խրախուսում և աջակցում են բռնության գործողությունները։
Ավելի վաղ փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասն ասել էր, որ Իսպանիայում ժողովրդավարություն չկա և իր կարծիքով Պաբլո Ասելը չպետք է բանտում լինի:
«Իմ աջակցությունն եմ հայտնում երիտասարդ հակաֆաշիստներին, որոնք փողոցում արդարություն և խոսքի ազատություն են պահանջում»։
Առաջին փոխվարչապետ Կարմեն Կավլոն, ի պատասխան քաղաքական գործիչների հայտարարությունների, ասել է, որ ոչ մի իրավունք չի կարող պաշտպանվել կամ արտահայտվել բռնության միջոցով և շեշտել, որ դա կարմիր գիծ է։ Նա հավելել է․ «Մի բան է ասել, որ ժողովրդավարությունը պետք է խոսքի ազատություն պահանջի, և մեկ այլ բան` խրախուսել այն իրավիճակները, որոնք մենք տեսանք երեկ` վիրավորներ, բերման ենթարկվածներ»։
Ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալումը, որը դատապարտվել էր ինն ամսվա ազատազրկման, անկարգությունների պատճառ է դարձել Իսպանիայում, այդ թվում ՝ Մադրիդում, Բարսելոնայում, և Գրանադայում: Մի քանի տասնյակ մարդ բերման է ենթարկվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Կարծիքներ