Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի հարձակումը
Կիպրոսի արտգործնախարարությունը Լեռնային Ղարաբաղում զարգացումների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական ուժերի սեպտեմբերի 19-ի հարձակումը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը:
«Հաշվի առնելով Կիպրոս-Հայաստան ավանդական պատմական և ամուր կապերը՝ Կիպրոսի արտգործնախարարը կապի մեջ է հայ գործընկերոջ հետ: Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել ղարաբաղցի հայերին, որոնք հազարներով լքում են հայրենի տները։ Ի թիվս այլ հարցերի, դիտարկվում է տեղահանված հայերին Կիպրոսում տեղավորելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կիպրոսի ԱԳՆ-ն նաև կոչ է արել համապարփակ երկխոսություն վարել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
«Անկասկած, Ադրբեջանի միակողմանի գործողություններն էթնիկ զտման ակտեր են և, հետևաբար, պետք է արժանանան միջազգային հանրության վճռական արձագանքին։ Աջակցում ենք բոլոր պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կոչ անում Ադրբեջանին զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան»,- նշում է Կիպրոսի ԱԳՆ-ն:
Կարծիքներ