Իսկական սպորտային ոգով պայքար. հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթի» թենիսի մրցաշարի հաղթողները
Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցումների երկրորդ օրը կայացան մրցաշարի կիսաեզրափակիչները և եզրափակիչները։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցեց 1620 հոգի, իսկ եզրափակիչ փուլերին յուրաքանչյուր մարզ ներկայացված է 12 մասնակցով՝ տղամարդկանց և կանանց տարիքային երկուական խմբերում:
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
Եզրափակիչ մրցաշարին մասնակցել են նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ դեսպաններ: Նրանք պարգևատրվել են հուշանվերներով և պատվոգրերով:
Մրցաշարին տարիքային երկու խմբերում 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցները ստացել են դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվել են նաև գավաթներով և մեդալներով:
1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 միլիոն ՀՀ դրամ, 2-րդ տեղը՝ 600 հազար ՀՀ դրամ, 3-րդ հորիզոնականը՝ 400 հազար ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150 հազար ՀՀ դրամ, 5-րդը` 100 հազար ՀՀ դրամ:
Կանանց 18-35 տարիքային խմբում հաղթել է Երևանի ներկայացուցիչ Աելիտա Ղազարյանը, երկրորդ տեղում է Հռիփսիմե Ղուկասյանը, եռյակը եզրափակել է Արմենուհի Կյուրեղյանը:
Տղամարդկանց այս տարիքային խմբում եռյակում են Գարիկ Չախոյանը, Նարեկ Գրիգորյանը, Գագիկ Թովմասյանը:
Կանանց ավագ տարիքային խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրել են Լիլիթ Գրիգորյանը, Անահիտ Կրմզյանը և Սուսաննա Հովեյանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ Կարեն Հարությունյանը, Համլետ Նասիբյանը, Սարգիս Լալազարյանը:
Պարգևատրելով մասնակիցներին՝ ողջույնով նրանց դիմեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գաղափարը, որի մասին մենք խոսում էինք ամիսներ առաջ, այժմ տեսնում ենք իրագործված: «ՀՀ վարչապետի գավաթի»-ը շարունակական բնույթ է կրելու: Հույս ունեմ, որ մասնակիցների թիվն ամեն տարի կավելանա: Կառավարության ծրագրի ռազմավարական կետերից մեկն սպորտին է վերաբերվում և ամեն ինչ կանենք այն կյանքի կոչելու համար»,-ասաց վարչապետնն ու հատուկ շնորհակալություն հայտնեց ավագ մասնակիցներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծեց, որ գավաթի խաղարկության փուլերը շարունակաբար են լինելու և հույս հայտնեց, որ կգա մի օր, երբ մրցաշարին կմասնակցեն 10 հազարից ավել մասնակից:
Կարծիքներ