Apple-ը մշակում է վիրտուալ իրականության իր առաջին սաղավարտը

Apple-ը մշակում է վիրտուալ իրականության իր առաջին սաղավարտը

Ամերիկյան Apple կորպորացիան մշակում է վիրտուալ իրականության (VR) իր առաջին սաղավարտը եւ նախատեսում է այն թողարկել 2022 թվականին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` հղում անելով ընկերության ներսում գտնվող աղբյուրներին:

N301 ծածկանունով VR-ականջակալը կկարողանա 3D միջավայր վերարտադրել խաղերի, տեսանյութեր դիտելու կամ զրուցելու համար: Apple-ն ակնկալում է, որ VR ականջակալը շատ բարձր գնով արտադրանք կլինի: Շուկայում Apple-ը մրցելու է այլ VR սարքերի` Facebook-ի Oculus-ի, Sony-ի PlayStation VR-ի եւ HTC-ի սաղավարտների հետ: Այնուամենայնիվ, Apple-ի սարքը, ըստ Bloomberg-ի աղբյուրների, կօգտագործի հզոր պրոցեսորներ, որոնք ունակ են շատ ավելի բարձր լուծաչափով պատկեր տրամադրել, քան առկա VR ականջակալները: Փորձարկված չիպերից մի քանիսը գերազանցել են առաջատար Mac մոդելներում օգտագործվող Apple M1-ին: Բացի այդ, Apple սաղավարտի մեջ օդափոխիչ կտեղադրվի, հաղորդում է «Կոմերսանտը»:

Հրապարակման համաձայն՝ ընկերությունը սարքի մշակման հարցում բազմաթիվ դժվարությունների է բախվել եւ դրանից մեծ վաճառք չի ակնկալում (Bloomberg-ը հաշվել է, որ Apple-ը տարեկան կկարողանա մոտ 180 000 սարք վաճառել): Փոխարենը ընկերությունն ակնկալում է VR սաղավարտը ավելի մատչելի եւ լրացված իրականության (AR) առաջադեմ տեխնոլոգիա դարձնել: Apple-ը դեռ գտնվում է AR ակնոցների մշակման սկզբնական փուլում եւ հետ է մնում 2023 թվականին լրացված իրականության ակնոցներ թողարկելու իր նախնական ծրագրից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում