«Թունավորված է բնակչության մոտ 30%-ը». Նինոծմինդայի առողջապահության կենտրոնի տնօրեն
Հունիսի 29-ի երեկոյան, Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում բացահայտվել են թունավորման դեպքեր։ Բնակիչները ենթադրում են, որ թունավորման պատճառը կարող է լինել խմելու ջուրը, գրում է Jnews-ը:
Նինոծմինդայի հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանն ասում է, որ իրենք այսօր են տեղեկացել դեպքի մասին և անհապաղ սկսել ուսումնասիրել։
«Ժողովրդի կարծիքով թունավորումը կապված է ջրի հետ, այդպես են ենթադրում։ Թունավորվածների քանակը բավականին շատ է, բնակչության մոտ 30 տոկոսը։ Ծանր դեպքեր չկան, ստամոքսաղիքային երևույթներ են՝ ընդհանուր թուլություն, սրտխառնոց, լուծ, բայց կարճատև, երկու օր է տևում, առավելագույնը երեք, բնակիչներին անհանգստացնում է հիմնականում թուլությունը։ Հնարավոր է որ լինի ջրից, սակայն տարբեր միջոցառումներ են իրականացվել ջրի ախտահանման ուղղությամբ»։
Այսօր արդեն ջրի ավազանը քլորացվել է, ջրից նմուշ է վերցվել, որը վաղը կուղարկվի լաբորատորիա հետազոտման։ Բնակիչներին զգուշացված է, որ ջուրը օգտագործեն միայն եռացնելուց հետո։
Մեծ Արագյալ գյուղի մասնագետ Արման Աղջոյանն ասում է՝ ենթադրաբար թունավորումը կարող էր ջրից լինել, սակայն կոնկրետ ոչինչ չի կարող ասել։
«Թունավորման առաջին դեպքը գրանցվել է հունիսի 29-ի երեկոյան, ծանր դեպքեր չեն գրանցվել, հիմնականում մեծերի շրջանում է, փոքրերի մոտ էլ է եղել, բայց ավելի թեթև»:
Նրա խոսքերով, գյուղում խմելու ջրի ավազանները խնդիր չունեն։ Ջուրը մաքրված է քլորով և գյուղի մասնագետը օրվա ընթացքում հետևողական է ավազաններին։
Մ․ Արագյալի բնակիչ Աղջոյան Պ․-ի խոսքերով, նրա ընտանիքի անդամները արդեն երեք օր է ունեն թուլություն, ջերմություն և տանը հիվանդ պառկած են։
Արագյալի թունավորված բնակիչները Նինոծմինդայի կլինիկայում ներերակային կաթիլային ներարկում են ընդունել մաքրման համար։
Դեպքը դեռ ուսումնասիրման փուլում է:
Կարծիքներ