53 միգրանտների շնչահեղձության պատճառ դարձած բեռնատարի վարորդին մահապատիժ է սպառնում
53 միգրանտների շնչահեղձության պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հոմերո Զամորանոյին և նրա հանցակից Քրիստիան Մարտինեսին սպառնում է մահապատիժ, գործում ներգրավված է ևս երկու մարդ, նրանց սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում, ասվում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ։
Տեխասի ճանապարհներից մեկի վրա օրեր առաջ դիերով լի բեռնատար էր հայտնաբերվել։ Սան Անտոնիոյի հրշեջ ծառայության տվյալներով՝ բեռնատարում ջուր և օդորակիչ չի եղել։
Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:
«Զամորանոն մեղադրվում է միգրանտների մաքսանենգության մեջ, որը հանգեցրել է մահվան: Նա ծագումով Բրաունսվիլից է, բայց ապրում է Տեխաս նահանգի Փասադենայում: Եթե մեղավոր ճանաչվի, Զամորանոն կարող է ցմահ ազատազրկման կամ, հնարավոր է, մահապատժի ենթարկվի»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել էր, որ այս իրադարձությունները պայմանավորված են մարդկանց թրաֆիքինգի, ԱՄՆ-Մեքսիկա սահմանին և ԱՄՆ-ի ներսում վերահսկողության բացակայությամբ:
Լատինական Ամերիկայի երկրներից ԱՄՆ միգրացիոն հոսքը կրկին հասել է իր առավելագույն կետին՝ տարածաշրջանում համաճարակի պատճառով սրված տնտեսական դժվարությունների ֆոնին։
Կարծիքներ