«Եվրատեսիլ 2022»-ին Ռոզա Լինը Հայաստանը կներկայացնի «Snap» երգով

«Եվրատեսիլ 2022»-ին Ռոզա Լինը Հայաստանը կներկայացնի «Snap» երգով

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը հանդես կգա «Snap»  երգով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգն ու հոլովակը երաժշտասերներին ներկայացվեցին մարտի 19-ին,  Առաջին ալիքով:

Հոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է:

21-ամյա Ռոզա Լինը ծնվել է Վանաձորում. կոմպոզիտոր և պրոդյուսեր է: Երաժշտությամբ սկսել է զբաղվել մանկուց, սակայն պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու ճանապարհին լուրջ ազդեցություն է ունեցել նրա պրոդյուսինգով զբաղվող «Նվակ» կոլեկտիվը: 

«Դրսից նայելով՝ թվում էր, թե խաղի կանոններն իմ դեմ են. Հայաստանի փոքրիկ քաղաքից անծանոթ մի աղջիկ: Բայց նպատակների իրագործման ուժն իրական է, երբ այն զուգորդվում է քրտնաջան աշխատանքի հետ. համառություն և ինքնարտահայտում: Ես հնարավորություն ունեմ իմ երաժշտության միջոցով մարդկանց թույլ տալ զգալ իմ ներաշխարհը: Շատ հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել իմ սիրելի երկիրը Եվրոպայի ամենամեծ բեմում»,- նշել է Ռոզան:

Նրա խոսքով՝ իր երգերն ուղևորություն են դեպի իր ներաշխարհ, իր հոգին ու զգացմունքները։ Երաժշտությունն իր տունն է համարում, որից երբեք չի կարող հրաժարվել: Երգչուհու հավաստիացմամբ՝ անգամ վատագույն օրերը կարող են լավագույն մեղեդիների վերածվել:

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում