ՀԴՄ կտրոնի երեք խախտում՝ միկրոբիզնեսի ռեժիմից 5 տարվա դուրսբերում

ՀԴՄ կտրոնի երեք խախտում՝ միկրոբիզնեսի ռեժիմից 5 տարվա դուրսբերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունիսի 18-ի նիստում հայտարարել է, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առջև խնդիր է դրել հնարավորինս ընդլայնել դրոշմապիտակավորման համակարգի կիրառման շրջանակը։

«ՊԵԿ նախագահի առաջ խնդիր եմ դրել, որ դրոշմապիտակներով համակարգը, այսինքն՝ դրոշմապիտակավորման ենթակա ապրանքների ցանկը, այս տարի առավելագույնս ընդլայնվի։ Հաջորդ փուլում պետք է մտածենք նաև այս շուկայում այլընտրանքային լուծումների ձևավորման մասին»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ 2027 թվականի հունվարի 1-ից դրոշմապիտակավորման համակարգը պետք է կիրառվի հնարավորինս լայն շրջանակի ապրանքների նկատմամբ։

«Ինչ հնարավոր է դրոշմապիտակավորել, պետք է դրոշմապիտակավորվի։ Իսկ այն, ինչ թվում է՝ հնարավոր չէ դրոշմապիտակավորել, նույնպես պետք է լուծում գտնել, որովհետև նման բան չկա, որ ապրանքը հնարավոր չլինի ներառել համակարգում։ Եթե առանձին ապրանքի արժեքը փոքր է, բայց խմբաքանակի ընդհանուր արժեքը զգալի է, դա ևս պետք է վերահսկվի»,- նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով միկրոբիզնեսի ոլորտին՝ վարչապետն առաջարկել է կրկնապատկել միկրոբիզնեսի տարեկան շրջանառության շեմը՝ այն 24 միլիոն դրամից հասցնելով 50 միլիոն դրամի։

Միևնույն ժամանակ նա առաջարկել է խստացնել պատասխանատվությունը ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքերի համար։

«Եթե միկրոբիզնեսի կամ շրջանառության հարկի համակարգում գործող որևէ տնտեսավարող մեկ տարվա ընթացքում երեք անգամ արձանագրի ՀԴՄ կտրոն չտրամադրելու խախտում, ապա հինգ տարով կզրկվի այդ հարկային ռեժիմներից օգտվելու իրավունքից և կանցնի միայն ԱԱՀ-ով հարկման համակարգ»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ նման խախտումների նկատմամբ խիստ մոտեցումը կարող է որոշ դեպքերում հանգեցնել բիզնեսների գործունեության դադարեցման, սակայն դա չի կարող արդարացում լինել հարկային կարգապահությունը խախտելու համար։

Նա հանձնարարել է, որ երկու փոփոխություններն էլ նախապատրաստվեն այնպես, որպեսզի ուժի մեջ մտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում