«Թախանձագին խնդրում եմ՝ չտրվել սադրանքների». ՌԴ-ում ՀՀ դեսպան

«Թախանձագին խնդրում եմ՝ չտրվել սադրանքների». ՌԴ-ում ՀՀ դեսպան

Անցած ուրբաթ Մոսկվայի «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնում հայկական համարանիշերով բեռնատարների հետ կապված միջադեպը եզակի չմնաց և շղթայաբար վերաճեց լոկալ բախումների՝ ադրբեջանցիների և հայերի միջև:

Ադրբեջանցի բիզնեսմեններին պատկանող «Քո տունը» և «Կրոկուս» հիպերմարկետներում ևս արգելվեց հայկական ապրանքների վաճառքը, իսկ հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը Մոսկվայի հայաշատ թաղամասերում ադրբեջանական խմբավորումները հարձակումներ գործեցին հայկական համարանիշերով մարդատար մեքենաների վրա՝ ջարդուփշուր արեցին դրանք և մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ պատճառեցին տասնայից ավելի հայազգի քաղաքացիների:

Հաջորդ առավոտյան արդեն, սոցիալական ցանցերում ադրբեջանցիների կողմից լուրեր էին տարածվում, թե կուտակումներ են պլանավորվում քաղաքի տարբեր հատվածներում: Նշվածներց մեկը՝ Բոլշայա Թաթարսկայա 24 հասցեն էր, որը կենտրոնում գտնվող մզկիթներից մեկին հարող փողոցն է: Սակայն, ժամը 15:00-ի սահմաններում, նշված տարածքում միայն ոստիկանական մեքենաներ են եղել:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ իրավիճակի հետ կապված դեսպանությունը մշտական կապի մեջ է Մոսկվայի քաղաքային իշխանությունների հետ, դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարարի հետ և ռուսական կողմը հայտնել է, որ հետամուտ կլինի իրավիճակը վերահսկողության տակ պահելու ուղղությամբ:

«Կցանկանայի նշել, որ մեր համայնքում կան անձինք, որոնք էմոցիոնալ իրավիճակում հապճեպ որոշումներ են կայացնում՝ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու: Այդ առումով դեսպանատունը բազմիցս հայտարարություններով հանդես է եկել՝ հորդորելով մեր հայրենակիցներին չտրվել պրովոկացիաների, չձեռնարկել ինքնագլուխ գործողություններ, համաձայնեցնել իրենց քայլերը համայնքային կառույցների և դեսպանության հետ, որպեսզի լայն հասարակությունը տեսնի և գնահատի, թե ում կողմից են իրականում հրահրվում սադրանքները, որպեսզի հետագայում խաղաղասիրության կոչերով հանդես եկողները հավասարության նշաններ չդնեն կողմերի միջև», -եզրափակեց Ջամբազյանը:

Երեկ գիշեր տեսաուղերձով քաղաքացիներին դիմեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Նա ևս կոչ արեց չտրվել սադրանքներին և ցուցաբերել զգոնություն:

«Թախանձագին խնդրում եմ մեր հայրենակիցներին, մասնավորապես առաջիկա հանգստյան օրերին չտրվել սադրանքների: Ամենակարևորը, որ այս պահին անհրաժեշտ է երկու միլիոն հայությանը Ռուսաստանում՝ լինել ավելի խաղաղասեր, չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ, որոնց նպատակն է ներկայացնել մեզ որպես հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ:

Խնդրում եմ, պահպանել հանգստություն, պահպանել կապը մեզ հետ, համայնքային կառույցների հետ»,- ընդգծեց դեսպանն իր տեսաուղերձում:

Վարդան Տողանյանը նշեց նաև, որ իրավիճակը վերահսկելի և կառավարելի է: Դեսպանատունն ամենժամյա կապի մեջ է Ռուսաստանի և Մոսկվայի ուժային կառույցների հետ, Մոսկվայի կառավարության համապատասխան գերատեսչությունների հետ, որոնք փորձում են վերահսկելի դարձնել ստեղծված իրավիճակը:

 

ՆաիրաԲաղդասարյան

Մոսկվա

Հետևեք մեզ նաև Տելեգրամում