NDI-ի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի շրջանավարտներին հանձնվել են վկայականներ

NDI-ի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի շրջանավարտներին հանձնվել են վկայականներ

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի շրջանավարտներին հանձնվել են վկայականներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շնորհավորելով ծրագրի 2022 թվականի շրջանավարտներին, նշել է. «Կարծում եմ` այստեղ ձեռք բերած փորձն ու գիտելիքները ճիշտ մեկնարկ կլինեն հետագա կարիերայի ընթացքում եւ մեծ խթան՝ օրենսդիր մարմնի գործունեությունն առարկայական պատկերացնելու հարցում»:

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովրդավարական ինստիտուտին՝ երիտասարդներին հնարավորություն տալու եւ հետեւողական աշխատանքի համար, ինչպես նաեւ Ազգային ժողովի այն պատգամավորներին ու աշխատակիցներին, որոնց ջանքերով երիտասարդներն իրենց համար բացահայտել են Ազգային ժողովը:

«Մշտապես հաճելի է տեսնել պայծառ երիտասարդների, որոնք հետաքրքրվում են իրենց երկրի ապագայով եւ մյուսներին էլ կարողանում են մոտիվացնել: Համենայնդեպս, այստեղ հավաքվածներին դա հաջողվել է, եւ ես ստացված եմ համարում իրականություն դարձած 4-ամյա գաղափարը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի շրջանավարտներին շնորհավորել է նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը՝ վստահություն հայտնելով, որ նրանցից շատերը թեւակոխում են մասնագիտական գործունեության նոր փուլ: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար կարեւորել է Միջազգային գործընկերների հետ համագործակցությունը եւ նշել, որ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ ավանդական դարձած համագործակցության արդյունքում ծրագրի շահառուները շուրջ տասն ամիս մասնագիտական փորձնակություն են անցնում խորհրդարանում:

«Այս համագործակցությունը պարարտ հող է ստեղծում երիտասարդ մասնագետների համար՝ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատանքների ոչ միայն ծանոթացման եւ ուսուցման, այլեւ աշխատանքներին ներգրավման, նաեւ հետագայում՝ լավագույններին աշխատանքային առաջարկություններ անելու տեսանկյունից»,- նշել է Դավիթ Առաքելյանը: Նա տեղեկացրել է, որ այս ամիս մեկնարկել է  Ազգային ժողովրդավարական ինստիտուտի նոր փորձնակների եւ ֆելլոուների ուսումնական գործընթացը:

Տասն ամիս տեւողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից եւ իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի համագործակցության արդյունքում:

Վերջին 4 տարիներին ծրագրի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու եւ ներգրավվելու խորհրդարանական աշխատանքներին: Նրանք աջակցել են խմբակցություններին եւ մշտական հանձնաժողովներին, պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին՝ իրականացնելով հետազոտություններ, օրենսդրական վերլուծություններ, մամուլի մշտադիտարկում: Փորձնակները պատրաստել են նաեւ մամուլի հաղորդագրություններ, օգնել կառավարել սոցիալական հարթակները, ինչպես նաեւ մասնակցել հանձնաժողովների եւ ԱԺ լիագումար նիստերին: Նրանք աջակցել են նաեւ համայնքային հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին:

Նշվում է, որ ծրագիրն օգնել է երիտասարդներին բարելավել իրենց մասնագիտական հմտությունները: Նրանցից շատերն ընդունել են Ազգային ժողովում աշխատելու առաջարկները:

«Կյանքի այս կարեւոր փուլը ձեզ մի շարք հնարավորություններ է ընձեռել կարիերայում մրցունակ եւ հաջողակ լինելու համար: Սիրելի՛ երիտասարդներ, եղեք համարձակ, ստեղծագործ, մասնագիտական դաշտում մշատապես կատարելագործվեք: Այս տասն ամիսներին ստացած ձեր աշխատանքային փորձը թող առաջնորդի ձեզ առավել մեծ բարձունքներ նվաճելու»,- ասել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեկա Ուայթը:

Միջոցառման ավարտին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեկա Ուայթը ծրագրի շրջանավարտներին հանձնել են վկայականներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում