Շվեյցարիան թույլատրել է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութի կիրառումը երկրում
Շվեյցարիան հաստատել է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի հասարական առողջապահության դաշնային գրասենյակին, դեղամիջոցը հաստատվել է երկրում զանգվածային պատվաստում իրականացնելու համար:
Moderna-ի դեղամիջոցն արդեն երկրորդ պատվաստանյութն է, որը հաստատվում է Շվեյցարիայի դեղամիջոցների վերահսկիչ մարմնի՝ Swissmedic ինստիտուտի կողմից: Առաջինը դարձել է ամերիկա-գերմանական համատեղ արտադրության Pfizer/BioNTech պատվաստանյութը, որի կիրառումը հավանության է արժանացել դեկտեմբերի 19-ին:
Նշվում է, որ երկիրը պատվաստանյութի մոտ 7,5 մլն չափաբաժին է գնել ամերիկյան ընկերությունից: Պատվաստանյութը կարելի է օգտագործել 18-ից բարձր տարիքի մարդկանց համար: Առաջիկայում առաջին 200 հազար չափաբաժինները կմատակարարվեն տարբեր կանտոններ:
Կարծիքներ