WhatsApp-ը բախվել է գաղտնիության հարցով Հնդկաստանում առաջին դատավարությանը
WhatsApp-ի թարմացված գաղտնիության քաղաքականությունը մոտ է օգտագործողների հետապնդմանը եւ սպառնում է Հնդկաստանի անվտանգությանը, ասվում է հնդկական դատարան ներկայացված միջնորդության մեջ:
WhatsApp-ը հունվարի 4-ին հայտարարել էր, որ իրեն իրավունք է վերապահում Facebook-ի եւ նրա ստորաբաժանումների հետ կիսել որոշակի տվյալներ, այդ թվում՝ գտնվելու վայրը եւ հեռախոսահամարը: Սա վրդովմունք է առաջացրել, այդ թվում՝ Հնդկաստանի խոշորագույն շուկայում, որը 400 միլիոն օգտագործող ունի: Հնդկաստանում շատ օգտվողներ սկսել են ներբեռնել մրցակից ծրագրեր, ինչպիսիք են Signal-ը եւ Telegram-ը, ինչը WhatsApp-ին դրդել է հաճախորդներին հանգստացնելու համար թանկ գովազդային արշավ սկսել:
Միջնորդագրի պատճենում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ, ասվում է, որ Whatsapp-ը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար` օգտագործողի տվյալները փոխանցելով եւ պահելով մեկ այլ երկրում, ընդ որում՝ տեղեկատվությունը ղեկավարվում է արտասահմանյան օրենքներով: «WhatsApp-ը ծաղրել է գաղտնիության մեր հիմնարար իրավունքը»,- ասվում է այնտեղ:
WhatsApp-ը օգտվողներին մինչեւ փետրվարի 8-ը ժամանակ է տվել՝ նոր պայմաններին համաձայնվելու համար: «Կամայական վարքի եւ ահաբեկման այս ձեւը չի կարող ընդունելի լինել ժողովրդավարական երկրում եւ լիովին «ultra vires» է (իր իրավասություններից դուրս) եւ հակասում է Հնդկաստանի Սահմանադրության մեջ ամրագրված հիմնարար իրավունքներին»,- ասվում է միջնորդագրում:
Կարծիքներ