Սաուդյան Արաբիայի թագավորն Իրանի նախագահին հրավիրել է Էր Ռիադ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը նամակ է հղել Իրանի նախագահ Էբրային Ռայիսիին՝ նրան հրավիրելով Էր Ռիադ: Twitter-ում նման տեղեկություն է հայտնել Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից:
Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորը նամակում ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունները, ինչպես նաև կոչ է արել տնտեսական և տարածաշրջանային համագործակցություն հաստատել երկու երկրների միջև:
Ջամշիդին հավելել է, որ Իրանի նախագահը ողջունել է հրավերը և շեշտել Իրանի պատրաստակամությունն՝ ընդլայնելու համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ:
Իրանը և Սաուդյան Արաբիան մարտի 10-ին համաձայնություն են ձեռք բերել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և երկու ամսվա ընթացքում դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ: Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր բանակցություններ են վարել Պեկինում, որոնց արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն։ Այնտեղ նշվել է, որ Թեհրանը և Էր Ռիադը հավատարիմ են ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, ինչպես նաև ծրագրում են վերսկսել համագործակցությունն առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության և տեխնիկայի ոլորտներում:
Կարծիքներ