Երկուշաբթի օրը գլխավոր դատախազությունում տեղակալ ու դատախազներ են ընտրելու
Երկուշաբթի՝ հունիսի 29-ին տեղի է ունենալու ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով բաց մրցույթի անցկացումը։
Ինչպես գլխավոր դատախազությունից են մեզ հայտնել՝ տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով բաց մրցույթին մասնակցելու համար ստացվել է 3 դիմում, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցելու համար՝ 25 դիմում։
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովն էլ անցկացնելու է մրցույթը, հանձնաժողովի նախագահը Արթուր Դավթյանի տեղակալ Արմեն Հարությունյանն է։
Ըստ գլխավոր դատախազի հրամանի՝ մրցույթը, կախված հավակնորդների թվաքանակից, կարող է անցկացվել մեկից ավելի օրերի ընթացքում։ Մրցույթներն անցկացվում են հարցազրույցի եղանակով։ Տեղակալի մրցույթն էլ անցկացվում է հարցազրույցի միջոցով՝ երեք փուլով։ Մրցույթն անցկացվում է անգամ այն դեպքում, երբ դիմել է մեկ հոգի։ Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է տալ առավելագույնը 2 հարց, սակայն ընդհանուր հարցերի քանակը պետք է լինի առնվազն 6-ը։
Մրցույթի ավարտից հետո մեկօրյա ժամկետում 3 դրական եզրակացություն ստացած թեկնածուների վերաբերյալ ցուցակը ներկայացվում է գլխավոր դատախազին եւ նա է նշանակում կատարում։
Էթիկայի և որակավորման հանձնաժողովի անդամ Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ է բոլոր թեկնածուներին, նրանց գործերն ուղարկվել է իրենց․ «Տեղակալի հետ կապված 3 թեկնածու կա, մյուսի դեպքում 20-ից ավելի։ Օրենքով սահմանված կարգին համապատասխանող բոլոր անձինք իրավունք ունեն դիմելու, մարդիկ կան, որ իրավաբան են, օրինակ տեղակալի համարը մեկը, որը դիմում է ներկայացրել, արդարադատության նախարարությունից է։
Հիշեցնենք նաև, որ բաց մրցույթները կանցկացվեն 2020թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը:
Կարծիքներ