Ռուսական ուժերը հարվածել են ծննդատան շենքին, ուկրաինական զինուժը գնդակոծել է ԶԱԷԿ-ը

Ռուսական ուժերը հարվածել են ծննդատան շենքին, ուկրաինական զինուժը գնդակոծել է ԶԱԷԿ-ը

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական ուժերի գիշերային գնդակոծության հետևանքով Զապորոժիեի մարզի Վոլնյանսկ քաղաքում մասնակի փլուզվել է ծննդատան շենքը, ինչի հետևանքով էլ նորածին է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Զապորոժիեի շրջանային վարչության ղեկավար Ալեքսանդր Ստարուխը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրի պաշտպանության ուժերը հետ են մղել ռուսական ուժերի հարձակումները Լուգանսկի և Դոնեցկի՝ մեկ տասնյակից ավելի բնակավայրերում: Գերատեսչությունը նաև նշում է, որ ռուսական զինուժը 5 հրթիռային հարված է հասցրել Խարկովի և Դոնեցկի մարզերի բնակավայրերին, ինչպես նաև՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 45 անգամ գնդակոծել է տարբեր բնակավայրեր:

Ուկրաինայի իշխանությունները դարձյալ հիշեցրել են, որ ռուսական հարվածները լուրջ վնաս են հասցրել երկրի էներգետիկ օբյեկտներին: Այսօր ևս Ուկրաինայի ամբողջ տարածքում կլինեն պլանային հոսանքազրկումներ:

Ռուսական կողմից էլ հաղորդում են, որ ուկրաինական ուժերը հարվածել են Զապորոժիեի ատոմակայանին, ինչի հետևանքով վնասվել են 4-րդ և 5-րդ էներգաբլոկների միջև գտնվող թորվածքով տարաները: ՏԱՍՍ գործակալությանն այս մասին հայտնել է «Ռոսէներգոատոմ»-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան՝ հավելելով, որ դրանք մասամբ օգտագործվում են որպես միջուկային ռեակտորի սառեցման համակարգի մաս, մասամբ էլ՝ որոշ հանգույցների և ագրեգատների լվացման համար:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից էլ հաղորդել են, որ Ուկրաինայի զինուժը վերջին մեկ օրվա ընթացքում 40 անգամ գնդակոծել է Հանրապետության տարածքը, 2 մարդ վիրավորվել է: ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ ուկրաինական ուժերն առավոտյան կես ժամվա ընթացքում 4 անգամ հարվածներ են հասցրել Դոնեցկին՝ քաղաքի վրա արձակելով 13 արկ:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ վերջին 1 օրվա ընթացքում խոցել է կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 136 շրջան: Միևնույն ժամանակ, գերատեսչությունը նշում է, որ շարունակվում են մարտական պատրաստվածության պարապմունքները զորակոչված քաղաքացիների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում