ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) 1 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգնության շնորհիվ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19 հազար 300 անձ առաջնային մարդասիրական օգնություն կստանա՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ” կազմակերպությունը:
«2023 թվականի սեպտեմբերի վերջից ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է 9,27 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին: Այս միջոցներն օգտագործվում են, որպեսզի տեղահանված անձինք կարողանան հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանման պատճառած տառապանքները»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ հանդիպման ժամանակ:
Նա ընդգծեց՝ ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է Հայաստանին աջակցելու իր հանձնառությանը, որպեսզի երկիրը կարողանա հաղթահարել այն մարտահրավերները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած ռազմական գործողություների հետևանքով։
Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ կառավարությունը տրամադրել են բազմատեսակ աջակցություն՝ սնունդ, հոգեսոցիալական աջակցություն, որպեսզի հնարավոր լինի դժվարությունները հաղթահարել:
«Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրում է անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ հիգիենայի պարագաներ, տաք հագուստ, պարենային և ոչ պարենային ապրանքներ ու այլ անհրաժեշտ պարագաներ: Աջակցության տրամադրումը մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերին և կտևի 6 ամիս: Աշխարհագրությունն ընդգրկում է Երևանը, Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերը:
«Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցները 2023-ի սեպտեմբերին, հաշված օրերի ընթացքում բռնի տեղահանվելով, հայտնվեցին իրենց կյանքն ու գործունեությունը նոր փուլից սկսելու մարտահրավերի առաջ: Հայաստանի կառավարությունը և բազմաթիվ անհատներ աջակցեցին նրանց առաջնային կեցության և ապրուստի միջոցներ հոգալու հարցում: Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները շարունակում են պետական դրամական աջակցություն ստանալ նաև ձմեռվա ամիսներին: Բոլոր այս պետական ծրագրերում մեր կողքին են նաև տեղական և միջազգային գործընկերները, ինչը կարևոր է, քանի որ բռնի տեղահանված ընտանիքին ժամանակ է պետք իր ինքնաբավ կեցությունը վերագտնելու համար»,- ընդգծեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
Նա նաև հիշեցրեց՝ պետական աջակցության գործընթացը դեռ շարունակական փուլում է: Բոլոր դիմումները դիտարկվում են, բոլոր ընտանիքներին հասանելիք աջակցությունը տրամադրվելու է:
ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության տրամադրումն իրականացվում է կազմակերպությունների կոնսորցիումի միջոցով, որում ընդգրկված են «Առաքելություն Հայաստան», Հայկական Կարմիր Խաչի ընկերություն, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային հարթակ» հիմնադրամ և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպությունները:
«Տեղահանված անձինք «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի 10 թիրախային խմբերից մեկն են: Մեր նպատակն է նրանց ապահովել անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ և բարելավված սոցիալական պաշտպանությամբ: Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղահանված անձանց կարիքները հոգալու համար ծրագիրը գործակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ինչպես նաև տրամադրում է անմիջական առաջնային օգնություն»,-նշեց «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդը:
Միջոցառման մասնակիցները հետևեցին մարդասիրական ծանրոցների բաշխման ընթացքին, զրուցեցին շահառուների հետ՝ նրանց կարիքների մասին ավելի լավ տեղեկանալու համար:
Կարծիքներ