Կհրատարակվեն Թբիլիսիի ձեռագրերի ազգային կենտրոնի հայերեն և Մատենադարանում պահպանվող վրացերեն ձեռագրերի ցուցակները
Մարտի 18-19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոն։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:
«Տնօրեն Զազա Աբաշիձեն, ողջունելով պատվիրակությանը, անդրադարձ է կատարել կենտրոնի և Մատենադարանի համագործակցության պատմությանը, ներկայացրել հայագիտական բաժնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել պատասխան այցի համար։
Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկայում նախաձեռնել հայ-վրացական աշխատաժողովներ, համատեղ ջանքերով հրատարակել կենտրոնում պահպանվող հայերեն ձեռագրերի և փոխադարձաբար՝ Մատենադարանում պահպանվող վրացերեն ձեռագրերի ցուցակները, համագործակցել ապագայում ներդրվող մագիստրոսական ծրագրի և երիտասարդ կարդերի վերապատրաստման շրջանակում։
Առաջիկայում նախատեսվում է կենտրոնի հայագիտական բաժնի աշխատակիցների մեկշաբաթյա այց Երևան, ինչպես նաև տնօրեն Զազա Աբաշիձեի մասնակցությունը հուլիսին կայանալիք Միջազգային հայագիտական կոնգրեսին»,- գրել է նա։
Կարծիքներ