Շուրջ 11 մլն դրամ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցել տեսողության խնդիրներ ունեցող անձանց։
Տրամադրվող ծառայություններն ուղղված են շահառուների ինքնասպասարկման և կենցաղավարման հմտությունների ձևավորմանը, ինքնուրույն կյանք վարելու կարողությունների զարգացմանն ու համայնքային կյանքին լիարժեք մասնակցության ապահովմանը։
Այս նպատակով 2022 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 11 մլն դրամ։
Ծրագրի շրջանակում, մասնավորապես, իրականացվում են՝
պարապմունքներ (հատուկ մանկավարժի ներգրավմամբ)՝ ուղղված շահառուների մանր և խոշոր մոտորիկայի, լսողական ընկալման, զգայարանների արդյունավետ օգտագործման և այլ հմտությունների զարգացմանը.
սպիտակ ձեռնափայտի միջոցով տեղաշարժման ուսուցում.
ինքնուրույն և անվտանգ տեղաշարժվելուն ուղղված միջոցառումներ.
համակարգչային հատուկ ծրագրերի ուսուցում.
սեմինար-հանդիպումներ՝ շահառուների ընտանիքի անդամների հետ և այլն։
Երևանում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում է «Լիարժեք կյանք», իսկ Արմավիրի մարզում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունների միջոցով։
Կարծիքներ