ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020 թվականի առաջին կիսամյակը (տեսանյութ)
Հուլիսի 31-ին ոստիկանությունում տեղի է ունեցել ծառայությունների և տարածքային մարմինների 2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական արդյունքների ամփոփիչ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքի մասին ամփոփիչ ելույթ է ունեցել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
2020 թվականի առաջին կիսամյակում ոստիկանությունը ողջ ծավալով կատարել է իր առջև դրված խնդիրները, վերահսկել հանրապետության օպերատիվ իրավիճակը։
Ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ տարվա առաջին կիսամյակում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 6,1 տոկոսով։
Միաժամանակ, իրականացված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյուքնում՝ հաշվետու ժամանակահատվածում, 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ, նվազել է հանցավորության տեմպը։
Ներկայացվել է առանձին հանցատեսակներով ոստիկանության կատարած աշխատանքը։ Այս առումով բացահայտման արդյունավետության բարելավում կա սպանությունների, մարդկանց թրաֆիքինգի, գողությունների դեպքերով։
Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով անցնող 19750 հանցագործության դեպքերի 54,5 տոկոսում առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ։ Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 5,7 տոկոսով աճել է բացահայտման տեմպը։
Խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետի տեղակալները և մարզային վարչության պետերը ներկայացրել են իրենց համակարգող ոլորտների և տարածքների կատարած աշխատանքը։
Ամփոփիչ ելույթ է ունեցել ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, շնորհակալություն հայտնել ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողներին, որոնք ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և խոսեց կատարված աշխատանքի մասին։
Վահե Ղազարյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ։ Ոստիկանության պետը, կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը, քննադատել է ոստիկանության տարածքային որոշ ստորաբաժանումների աշխատանքն այս ուղղությամբ և տվել կոնկրետ ցուցումներ։
Խոսվել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության աշխատանքի մասին։ Ոստիկանության պետն անդրադարձել է առկա բացթողումներին և դրանք շտկելու ուղղությամբ տվել հանձնարարականներ։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների, պարեկային ծառայության, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման աշխատանքների, ոստիկանության արտաքին ծառայության, տնտեսական, ֆինանսական և կադրային քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Կարծիքներ