Ոստիկանությունը կարծես թե այս օրերի օրենսդրական կարգավորումների զոհն է. Արման Թաթոյան
Իհարկե, արտակարգ դրության ժամանակ մեծ է պետության պատասխանատվությունը, իրավական բեռի աստիճանը, բայց ցանկացած սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ, իրավիճակին համաչափ և ծառայի համավարակի կանխարգելման նպատակին: Այս մասին, այսօր՝ հավաքների իրավունքի սահմանափակման վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
«Մենք այստեղ ունենք իրավաչափ նպատակ՝ հանրային առողջությունը, բայց մյուս կողմից արտակարգ դրությունը բարձրացնում է պետության պատասխանատվությունը քաղաքացիների հանդեպ: Ես կարծում եմ, որ սահմանափակումների հիմնավորումները չեն կարող նույնը լինել, ինչ-որ սկզբնական շրջանում է: Այսինքն որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պատասխանատվությունը այս կամ այն սահմանափակումների հարցում:
Հավաքների ազատության հետ կապված պետք է նկատի ունենալ այլ գործոններ եւս, օրինակ, այլ իրավունքների հետ հարաբերակցությունը: Օրինակ, մեր հանրության մեջ արդիական հարցերից մեկը խոսքի ազատության հետ հարաբերակցությունն է: Որքանով մենք այստեղ ունենք հակասություններ եւ որքանով հավաքների ազատությոան սահմանափակումը կարող է երկրորդական էֆեկտով հանգեցնել խոսքի ազատության սահմանափակման»,-ասաց նա:
Թաթոյանը նշեց, որ իրենք այս ընթացքում դիտարկել են դեպքեր, երբ ՀՀ-ում տեղի են ունենում հավաքներ եւ ոստիկանությունը հեռացնում է մարդկանց այդ վայրերից. «Որովհետեւ մեր երկրում բացարձակապես արգելված են հավաքները՝ առանց բացառությունները: Հիմա մեր նպատակն է պարզել, թե արդյոք պետք է լինեն այդ բացառությունները, եթ այո, ինչպիսիք դրնք պետք է լինեն, արդյո կծառայեն նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանը:
Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ հավաքների բացարձակ արգելքի պայմաններում մեր ոստիկանությունը հեռացնում է մարդկանց հավաքի վայրից: Սակայն մի քանի դեպքեր տեղի ունեցան, երբ ոստիկանությունը հանդուրժող էր հավաքների նկատմամբ: Օրինակ, դիմորդների բողոքի ակցիաները:
Այս արգելքը Կառավարության որոշմամբ է՝ չնայած անընդհատ նշվում է, որ պարետի որոշմամբ է: Մեր այցերը ոստիկանություն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր դեպքում ձևակերպվում է «ոստիկանի օրինական պահանջը չկատարել»: Սա ևս խնդրի է հանգեցնում, որովհետև ես կարող եմ բնորոշել, որ ոստիկանությունը կարծես թե այս օրերի օրենսդրական կարգավորումների և առկա խնդիրների զոհն է, որովհետև ոստիկանությունն էլ է դժվար իրավիճակում հայտնվում»,- ասաց նա:
Կարծիքներ