ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով արդիականացնելու պետության տեխնոլոգիական ենթակառուցվածքը և արագացնելու ամպային ծառայությունների ներդրումը Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում։

Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, ներկայիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար AWS-ի հետ գործակցությունը բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու Հայաստանի արդիականացումն ու թվային փոխակերպումը, որն ազգային օրակարգի անբաժանելի մասն է, ամրապնդելու Հայաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային առաջատար տեխնոլոգիական կենտրոն:

Փոխըմբռնման հուշագիրն ամբողջությամբ նպաստում և աջակցում է ամպային քաղաքականության առաջնահերթությունների զարգացմանը, մշակմանն ու ընդունմանը՝ ինչպես  թվայնացման ռազմավարության, տեղեկատվական համակարգի արդիականացման, այնպես էլ՝ հնարավորութունների զարգացման և համապատասխան բիզնես մոդելի, անվտանգային քաղաքականության և տեխնիկական այլ տվյալների առումով։

Ազգային մրցունակությունը բարձրացնելու, Հայաստանի աշխատուժը զարգացնելու և ապագայում նրանց աշխատանքի նախապատրաստելու նպատակով՝ Փոխըմբռնման հուշագիրը կխթանի նաև կրթական մի շարք նախաձեռնությունների իրականացումը։

Փոխըմբռնման հուշագրում առանձնակի կարևորվում է ամպային տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը՝ տեխնոլոգիական ստարտափների և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար՝ օգնելով նրանց մի շարք ծրագրերով, ապահովելով AWS մասնագետների և փորձագետների գլոբալ համայնք մուտք գործելու հնարավորություն` անհատական կորպորատիվ պլատֆորմներ և ամպային միգրացիայի ճանապարհային քարտեզներ մշակելու համար։ 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասել է.

«Այս հուշագրով մենք նոր համագործակցության հիմք ենք դրել: Մենք հավատում ենք ամպային հաշվողականության փոխակերպող ուժին, որը կբերի տնտեսական աճ, նորարարության թռիչքաձև զարգացում և բարձրորակ հանրային ծառայությունների մատուցում` ի շահ ՀՀ քաղաքացիների։ Սա բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, որին կարելի է հասնել թվային հարթակների նկատմամբ վստահության բարձրացմամբ և համապատասխան կանոնակարգերի ներդրման միջոցով։ Այս Փոխըմբռնման հուշագրով մեր ընդհանուր պարտավորություններն օրինակելի նախադեպ են թվային վստահության ձևավորման և ազգային մրցունակության բարձրացման համար»:

AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնն ասել է.

«Հայաստանը թևակոխում է նորարարության նոր դարաշրջան, որտեղ ձեռնարկատերերը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կիսում են ժամանակակից թվային հասարակության տեսլականը: Մենք ուրախ ենք, որ ստորագրել ենք այս Փոխըմբռնման հուշագիրը Հայաստանի կառավարության հետ և ակնկալում ենք աջակցել այս տեսլականին այնպիսի նախաձեռնություններով, որոնք կխթանեն նորարարությունը, կնպաստեն թվային տնտեսության զարգացմանը, կաջակցեն հին ՏՏ համակարգերի արդիականացմանը և ապագա սերունդների թվային հմտությունների զարգացմանը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում