Վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում
Սեպտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Պ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Զվարթնոց գյուղի Թ. Թորոմոնյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 3-ամյա Ռաֆիկ Մ.-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել են տարածքը, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կարծիքներ