Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի աշխատանքները
Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն կիրակի օրը քննարկել են «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի ներդրումը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան): Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
Հանդիպումը կայացել է Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակում:
«Կողմերը քննարկել են 3+3 համագործակցության ձևաչափի առաջին հանդիպման արդյունքները, որը նախաձեռնել էին Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները: Շահագրգռվածություն է հայտնվել այդ համագործակցության մեխանիզմը խթանելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հետհակամարտային շրջանում տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։
Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Ղարաբաղի հարցով համագործակցության վեցակողմ ձևաչափի և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով։
Ռուսաստանն ու Իրանը ողջունեցին այս գաղափարը, Վրաստանը հայտարարեց, որ չի նախատեսում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց Բաքվին և Երևանին առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը՝ «եռյակի» տեսքով խաղաղություն պահպանելու համար։
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով։
Կարծիքներ