Ըստ պատգամավորի՝ Արցախի հարցը հայապահպանության, հայոց պետականության գոյության հիմնահարցի բաղադրիչներից է
![Ըստ պատգամավորի՝ Արցախի հարցը հայապահպանության, հայոց պետականության գոյության հիմնահարցի բաղադրիչներից է](https://freenews.am/uploads/images/image_750x_61b0a4b3af740.jpg)
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է Արցախի հարցը հայապահպանության, հայ ազգի ու հայոց պետականության գոյության հիմնահարցի բաղադրիչներից մեկն է:
Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Արթուր Խաչատրյանը քաղաքական առաջնահերթությունների ու հստակ թիրախների սահմանումն առավել կարևորեց, մանավանդ, ծրագրային բյուջետավորման պարագայում, երբ ֆինանսական ռեսուրսներ սահմանելուց բացի նաև սահմանվում է, թե հատկացված գումարներով ինչ կոնկրետ չափերի արդյունքներ են ակնկալվում: Այսպիսով, նա առաջարկեց վերլուծել և հասկանալ, թե արդյոք ՀՀ կառավարությունը ճի՞շտ է գնահատում Հայաստանի ու Արցախի առաջ ծառացած մարտահրավերներն ու արդյոք ճի՞շտ լուծումներ է առաջարկում:
Ըստ պատգամավորի` առաջնայինն անվտանգային խնդիրներն են: «Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմից հետո հայկական զույգ պետությունների առաջ ծառացած անվտանգային մարտահրավերները ոչ միայն չեն մեղմվել, այլև` առավել են սրվել: Ադրբեջանա-թուրքական տանդեմի հեռահար պանթուրքիստական նպատակը չի սահմանափակվում միայն Արցախը հայաթափելով, Հայաստանն է թուրք-ադրբեջանական «գորշ գայլի» կոկորդում մխրճված ոսկորը, և Հայաստանի փաստացի ոչնչացումն է նրանց քաղաքական հեռահար նպատակը: Սկսել են ՀՀ սահմանների վերաձևումից, արդեն պահանջում են ցամաքային միջանցք Թուրքիայի ու Ադրբեջանի միջև… »,- հայտարարեց պատգամավորը:
Նա նկատեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ պատրաստ են իրենց նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, պատահական չէ, որ միայն այս տարի 10-ից ավելի համատեղ զորավարժություն են իրականացրել: Նրա խոսքով՝ խաղաղության դարաշրջանի փոխարեն ունենք փխրուն հրադադար, որը պարբերաբար խախտվում է: Խաչատրյանը հիշեցրեց նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների մասին: «Հայրենական պատերազմը չի ավարտվել, այն ուղղակի ժամանակավորապես փոխել է իր բնույթը: Արցախի հարց, որպես այդպիսին, գոյություն չունի. այն հայապահպանության, հայ ազգի ու հայոց պետականության գոյության հիմնահարցի բաղադրիչներից մեկն է: Չկա Հայաստանի Հանրապետություն՝ առանց Արցախի Հանրապետության, չկա Արցախի Հանրապետություն՝ առանց Հայաստանի Հանրապետության»,-ասաց նա:
Ըստ նրա`այդ պայմաններում պետական բյուջեի «Արցախյան հիմնախնդիրներ» բաժինը բաղկացած է 69 բառից, այնուհետև մեջբերեց. «Հայաստանը շարունակում է հանդիսանալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն ու աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, այդ թվում, Արցախի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ: Հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո`ԼՂ կարգավիճակի հստակեցմամբ հայտնի սկզբունքների ու տարրերի, այդ թվում, ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանը ձգտելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցային գործընթացի լիարժեք վերականգնմանը`համոզված լինելով, որ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հայաստանն աշխատելու է Արցախի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ»:
Պատգամավորը այս ձևակերպումները բավարար չի համարում՝ նշելով որ, օրինակ, հստակ չէ, թե Արցախյան հիմնախնդրի ինչ լուծման է հետամուտ ՀՀ ներկայիս իշխանությունը:
Կարծիքներ