Չինաստանի իշխանությունները բարձրացնում են բենզինի և դիզելային վառելիքի գները ներքին շուկայում
Չինաստանի իշխանությունները տարեսկզբից իններորդ անգամ հայտարարել են բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների աճի մասին երկրի ներսում։ Այս մասին ասված է Չինաստանի զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի կայքում երկուշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ։
Մայիսի 31-ից մեկ տոննա բենզինի արժեքը կբարձրանա 400 յուանով (մոտ 59 դոլար), իսկ դիզելային վառելիքը՝ 390 յուանով (մոտ 58 դոլար)։ Ճշգրտումից հետո մեկ տոննա բենզինը կարժենա 10970-ից 11410 յուան (1637 դոլարից մինչև 1702 դոլար), մինչդեռ դիզելային վառելիքի գինը կլինի 9995 յուանից մինչև 10335 յուան (1491-ից մինչև 1542 դոլար):
Վառելիքի գների պետական կարգավորման Չինաստանի քաղաքականության համաձայն` եթե համաշխարհային շուկայում նավթի գների փոփոխությունը հանգեցնում է ներքին շուկայում մեկ տոննա նավթամթերքի ինքնարժեքի ավելացման կամ նվազման ավելի քան 50 յուանով, և այդ իրավիճակը պահպանվում է 10 աշխատանքային օր, այնուհետեւ բենզինի եւ դիզվառելիքի գինը ճշգրտվում է։
Բենզինի և դիզելային վառելիքի գները տարբերվում են Չինաստանի տարածաշրջանից տարածաշրջան՝ կառավարության սուբսիդիաների պատճառով: Ավանդաբար ամենաբարձր գները սահմանվում են Չենդու քաղաքում, իսկ ամենացածրը՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում։
Տարեսկզբից Չինաստանի իշխանությունները ներքին շուկայում բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացրել են ընդհանուր առմամբ ինը անգամ, և միայն մեկ անգամ՝ ապրիլի 15-ին, իջեցրել են դրանք։
Կարծիքներ