Հետաքրքիր մարքեթինգային ստրատեգիա՝ վաճառքներն ավելացնելու համար. Հայկ Մանասյան

Հետաքրքիր մարքեթինգային ստրատեգիա՝ վաճառքներն ավելացնելու համար. Հայկ Մանասյան

Manassian Sales School - ի հիմնադիր, բիզնես թրեյներ Հայկ Մանասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

The North Face ամերիկյան սպորտային հագուստի մասնագիտացված խանութը վաճառքներն ավելացնելու համար մի շատ հետաքրքիր մարքեթինգային ստրատեգիա է մշակել։ Խանութի հավելվածից օգտվելու համար, օգտատերերից պահանջվում է գրանցել հեռախոսի համարը և ակտիվացնել GPS-ը։ Բնական է, եթե մարդիկ ներբեռնում են հավելվածը և գրանցվում են, ապա իսկապես հետաքրքրված են այդ ապրանքատեսակով և հետևաբար կարող են դառնալ պոտենցիալ գնորդներ։ Իսկ հիմա ամենահետաքրքիր մասը։ Հատուկ մշակված ծրագրի միջոցով խանութը՝ օգտագործելով հավելվածում հավաքված կոնտակտների բազան, հաղորդագրություն է ուղարկում միայն այն մարդկանց, ովքեր գտնվում են խանութի մոտակայքում։ Այդ եղանակով մարդկանց ներկայացնում են ընթացիկ զեղչերը, նոր առաջարկները, հիշեցնում են եղանակի փոփոխությունների մասին կամ պարզապես առաջարկում են այցելել խանութ։
Հաճախորդների շրջանում փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ մարքեթինգային այս քայլը դրական հետևանքներ է ունեցել։ Հաճախորդների 79%-ն ասել է, որ սկսել է ավելի հաճախ այցելել խանութ, իսկ 65%-ը հաստատել է, որ հաճախումների արդյունքում գնում է կատարել։
Համաձա՞յն եք չէ, որ շատ խելացի է մտածված։ Հատկապես հիմա՝ ամառային զեղչերի ժամանակ, ես բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստանում տարբեր խանութների զեղչային առաջարկներով։ Օրինակ, լինում է, որ հաղորդագրությունը ստանում եմ աշխատանքային օրվա ժամը 15։00-ին, երբ գրասենյակում լարված աշխատում եմ, կամ գործնական հանդիպման եմ։ Բնական է, որ այդ հաղորդագրություններն այդ պահին անտեսվում են, իսկ հետո, երբ ժամանակ եմ ունենում արդեն մտքիցս թռած են լինում։ Բայց մտածեք, թե ինչ կլիներ, եթե դրանք ստանայի ինչ որ առևտրի կենտրոնի մոտով ժամը 20։00-ին տուն գնալիս կամ պարզապես մեքենայով անցնելիս։ Ես որ հաստատ կմտածեի․ «Կարելի է մտնել, տեսնել ինչ կա»։
Ինչպես ասում են մանրուքները կարևոր են ամենուր ու մարքեթինգն էլ բացառություն չէ։ Սա մարքեթինգի ու վաճառքի սինխրոնիզացիայի դասական օրինակ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում