Մշտական բնակության եկած մոտ 40 ընտանիքների մեքենաները մինչեւ հիմա ՊԵԿ-ում են. Զարեհ Սինանյան
Այն անձինք, որոնք եկել են Հայաստան մշտական բնակության նպատակով, իրենց գույքը տեղափոխել են Հայաստան, դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բայց դեռ չեն ստացել, նրանք փաստորեն չե՞ն կարող օգտվել սահմանված արտոնությունից, որը վերաբերում է մշտական բնակության եկածների համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց Սփյուռքի հարցերի հաձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ինչպե՞ս են նրանք կարողանալու այս արտոնությունից օգտվել: Իրականում մենք ունենք շատ հայրենակիցներ, որոնք և քաղաքացի են, և ՀՀ-ում բնակության կարգավիճակ ունեն, բայց հայրենադարձվելու ոչ մի մտադրություն չունեն: Իսկ մարդիկ, որոնք եկել են, իրենց գույքն էլ բերել են, բայց չեն հասցրել 4-6 ամիս տևող գործընթացով անցնել և ստանալ քաղաքացիության կամ կացության կարգավիճակ, փաստորեն մնում են օդի մեջ»,-ասաց Սինանյանը:
Սրան արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Բայց կարող է նրանք այդպես էլ քաղաքացիություն չստանան: Դրա համար լուծումն այն է, որ քաղաքացիության կամ կացության կարգավիճակ ստանալու գործընթացն արագացնել: Մենք չենք կարող ասել, որ եթե մարդը դիմել է կարգավիճակ ստանալու համար, նա պետք է այս արտոնությունից օգտվի»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այլ առաջարկ արեց. «Միգուցե հնարավորություն տրվի, որ այդ միջանկյալ ժամանակահատվածում անձը վճարի, իսկ երբ կստանա կացության կարգավիճակը, վերադարձի մեխանիզմ ապահովենք»:
Սինանյանը նկատեց, որ այսօր մոտ 40 ընտանիքներ կան, որոնց մեծ մասը արդեն Հայաստանում է, իրենց մեքենան մինչեւ հիմա ՊԵԿ-ում է, իսկ գույքն էլ մեքենայի մեջ է, սպասում են, որ ստանան իրենց մեքենան ու գույքը»:
Ի վերջո որոշվեց, որ այս տեսքով փոփոխություններն ընդունեն, իսկ հետագայում քննարկեն պատկան մարմինների հետ հնարավոր լուծումների հարցը:
Կարծիքներ