Արցախի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել մի շարք համայնքապետերի խախտումների վերաբերյալ
2021 թվականի փետրվարի 2-ին ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հաղորդում է ներկայացվել ԱՀ դատախազություն՝ ԱՀ համայնքների ղեկավարների թույլ տված խախտումների վերաբերյալ: Նշված հաղորդման հիման վրա իրականացված քննության արդյունքում ԱՀ դատախազությունում քրեական գործեր են հարուցվել Ավետարանոց, Քիրսավան, Այգեկ, Տող, Մոշխմհատ, Վազգենաշեն և մի շարք այլ համայնքների ղեկավարների նկատմամբ` հայտնում է ԱՀ ՏԿԵՆ-ը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու միջոցառման շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշմումների պահանջներին համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը շահառու քաղաքացիների ճշգրտված ցուցակները տարամադրելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության կողմից իրականացվել են վերոնշյալ համայնքներում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը հաշվառված և 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն 3 (երեք) ամիս նշված համայնքներում բնակված քաղաքացիների տվյալների ճշգրտման աշխատանքները:
Նշված գործընթացն իրականացվել է համայնքների ղեկավարների և վարչակազմերի ղեկավարների միջոցով՝ վերջիններիս կողմից ներկայացված ցուցակների հիման վրա: Սակայն գործընթացի իրականացման ընթացքում ի հայտ են եկել մի շարք անհամապատասխանություններ, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ նշված համայնքների ղեկավարները ներկայացրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԱՀ ՏԿԵՆ դիմել է ԱՀ դատախազություն, որպեսզի ձեռնարկվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ՝ պարզելու համար՝ արդյոք համայնքների ղեկավարների գործողությունները պարունակո՞ւմ են ԱՀ քրեական օրենսգքրի 322-րդ, 323-րդ, 332-րդ կամ 334-րդ հոդվածներով սահմանված հանցակազմի տարրեր։
Կարծիքներ