Խորհրդարանն ընդունեց 2022 թվականի պետբյուջեի նախագիծը

Խորհրդարանն ընդունեց 2022 թվականի պետբյուջեի նախագիծը

 ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Քվեարկությամբ օրենքի նախագիծը ստացավ 61 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ ձայներ, ծրարներով կողմ քվեարկություններ էր թողել նաև ՔՊ-ի 4 պատգամավոր:

Նիստին ներկա ընդդիմադիր պատգամավորները դեմ էին քվեարկել, «Պատիվ ունեմ»-ից Իշխան Զաքարյանը՝ ձեռնպահ:

Պետբյուջեի նախագծով կանխատեսվում է, որ 2022 թվականին կգրանցվի 7 տոկոս տնտեսական աճ: Խորհրդարանում 3 շաբաթ առաջ տեղի ունեցած քննարկումից հետո նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ, օրինակ՝ բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 մլրդ 548.3 մլն դրամ, այլ եկամուտները նվազել են 42.8 մլրդ դրամով: Փոփոխությունների արդյունքում պետբյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5 մլրդ 187.9 մլն դրամով: Բյուջեի եկամուտների և ծախսերի թվարկված փոփոխությունների արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամ չափով:

Նախագծով նախատեսվում է, որ 2020-ին արձանագրված ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս մակադրակից պարտքի հետևողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի ՀՆԱ-ի 60.2 մակարդակին մոտ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում