ԵՄ-ն մեզ «անուղղակիորեն ստիպում» է ՌԴ-ի հետ բանակցություններ սկսել «Սպուտնիկ V»-ի գնման շուրջ. Չեխիայի վարչապետ
ԵՄ-ն չի կարող Չեխիային ապահովել COVID-19-ի դեմ պատվաստանյութերով, ինչը երկրի իշխանություններին «անուղղակիորեն ստիպում» է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել «Սպուտնիկ V»-ի գնման շուրջ՝ նախքան դրա գրանցումը Դեղամիջոցների եվրոպական գործակալությունում: Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, փոխանցում է Seznam Zpravy-ն:
«Զարմանալի չէ, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցն ասում է, որ կգնի «Սպուտնիկ V»-ի մեկ միլիոն դեղաչափ, իսկ սլովակներն արդեն գնել են պատվաստանյութի 2 մլն դեղաչափ: Մենք, հակառակը, ասել էինք, որ գլխավորապես ցանկանում ենք այն պատվաստանյութերը, որոնք արդեն հավանություն են ստացել: Բայց հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ մի կողմից խոսվում է համերաշխության մասին, բայց մյուս կողմից՝ երբ բանը հասնում է դա դրսեւորելուն, ապա այն չի գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դրանից բացի, Բաբիշը դրական է պատասխանել այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք այս իրավիճակը նպաստել պատվաստանյութը գնելու շուրջ իրական բանակցություններին, փոխանցում է Gazeta-ն:
«Մեզ անուղղակիորեն դա են ստիպում»,- ասել է նա:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմաննն ավելի վաղ դատապարտել էր առողջապահության նախարար Յան Բլատնոյին Չեխիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցումը մերժելու համար: Դրանից բացի, երկրի ղեկավարը Չեխիայի Դեղերի վերահսկման պետական ինստիտուտի տնօրեն Իրեն Ստորովային մեղադրել էր այն բանում, որ իր կողմից ռուսական պատվաստանյութի գրանցման մերժումը հանգեցրել էր «հարյուրավոր պացիենտների մահվանը»:
Կարծիքներ