Մեծ Բրիտանիայում հայտարարել են, թե երբ հայտնի կդառնա նոր վարչապետի անունը

Մեծ Բրիտանիայում հայտարարել են, թե երբ հայտնի կդառնա նոր վարչապետի անունը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 15:30-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին, որն էլ իր հերթին վկայակոչում է Պահպանողական կուսակցության համանախագահ Էնդրյու Ստեֆենսոնի հայտարարությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը, հավանաբար, կփոխանցի իր լիազորությունները իշխող կուսակցության նոր առաջնորդին սեպտեմբերի 6-ից ոչ շուտ, իսկ սեպտեմբերի 7-ին տեղի կունենա վարչապետի ավանդական հարցուպատասխանը բրիտանական խորհրդարանում:

Հուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից հրաժարվելու որոշման մասին: Քանի որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մոդելի երկիր է, իսկ խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի վերջին՝ 2019 թ. ընտրություններում հաղթել է Պահպանողականների կուսակցությունը, այդ պատճառով հաջորդ վարչապետն ընտրվելու է պահպանողականների թեկնածուներից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում