Արա Մինասյանի ապօրինի գույքի գործով նախնական դատական նիստ է նշանակվել
Հակակոռուպցիոն դատարանը նախնական դատական նիստ է նշանակել Արա Մինասյանի եւ նրա տիկնոջ՝ Արմինե Հասրաթյանի՝ ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ Դատախազության հայցադիմումը վարույթ է ընդունվել հոկտեմբերի 13-ին։ Դատարանի որոշումից մասնավորապես տեղեկանում ենք․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է 27.11.2023 թվականին, իսկ պատասխանողները սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան չեն ներկայացրել՝ Դատարանը նախնական դատական նիստ է նշանակել 2024 թ. հունվարի 15-ին՝ ժամը 15-ին»։
Նշենք, որ Դատախազությունը պահանջել է Արա Մինասյանից եւ Արմինե Հասրաթյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մի քանի բնակարան, ավտոմեքենաներ, դրամական միջոցներ եւ թանկարժեք այլ գույք։
Մասնավորապես՝
Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոց, 14-րդ նրբանցք, թիվ 8 հասցեի գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 114 միլիոն 585 հազար դրամ գումար,
Երեւանի Սարյան փողոցի 6-րդ շենքի 6-րդ բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 166 միլիոն 735 հազար դրամ գումար,
Երեւանի Տերյան փողոցի թիվ 66 շենքի թիվ 34 ավտոկանգառը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 17 միլիոն 500 հազար դրամ գումար,
Երեւանի Տերյան փողոցի թիվ 66 շենքի 41-րդ բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 216 միլիոն 675 հազար դրամ գումար,
Գյումրիի Արտակ Եպիսկոպոս Սմբատյան փողոց, թիվ 14 հասցեի անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 211 միլիոն 450 հազար դրամ գումար,
«LEXUS LX 470» մակնիշի տրանսպորտային միջոցը (2007 թ․ ի արտադրության), իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 12 միլիոն 85 հազար դրամ գումար,
«LEXUS LX 570» մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը (2010 թ. արտադրության) իսկ անհնարինության դեպքում`դրա միջին շուկայական արժեքը՝ 16 միլիոն 480 հազար դրամ գումար,
«TOYOTA LAND CRUISER 100 4.7» մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը (2005 թ․ արտադրության), իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը,
«ADAMS AND ROBERTSON LTD» ընկերությանը փոխանցված բնակարանը ձեռք բերելու արժեքի չափով գումար՝ 53 հազար 620 եվրո (26 միլիոն 42 հազար 697 դրամ)։ Բացի այս, նաեւ՝ 30 հատ 500 եվրո անվանական արժեքով թղթադրամ, 34 հատ հուշադրամ, 21 հատ ոսկեգույն ձուլակտոր եւ մեկ հատ ոսկեգույն մետաղական շղթա, 300 հատ 100 ԱՄՆ դոլլար անվանական արժեքով թղթադրամ, 10 ոսկեգույն ձուլակտոր եւ 5 հատ հուշադրամ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունում բացված հաշվին Արա Մինասյանի ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունում բացված հաշվին Արա Մինասյանի ներդրրած 2 միլիոն 79 հազար 569 դրամի ավանդը, 137 միլիոն 313 հազար 15 դրամ գումար՝ որպես գույք, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ստացված ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդը՝ 1 միլիարդ 63 միլիոն 925 հազար 356 դրամ գումար։
2018 թվականից հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանը Սերժ Սարգսյանի խնամին է, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հայրը։
Հիշեցնենք, որ դատախազը նոյեմբերի 29-ին հաստատել է Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության: Միքայլե Մինասյանը նույնպես հետախուզվում է։
Արա Մինասյանը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվեց 2018-ի հուլիսին, երբ առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ բժշկական կենտրոնում գերատեսչության ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը հասցվել է 545 միլիոն դրամի վնաս։ Արա Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը։
Կարծիքներ