Հայ և ֆրանսիացի հնագետներն ավարտում են Էրեբունի ամրոցի հնագիտական պեղումները

Հայ և ֆրանսիացի հնագետներն ավարտում են Էրեբունի ամրոցի հնագիտական պեղումները

2008 թվականից ի վեր, Էրեբունի ամրոցում իրականացվում է հնագիտական պեղումների լուրջ ծրագիր։ Հայ և ֆրանսիացի հնագետների համագործակցությամբ իրականացվող հետազոտությունների այս ծրագիրը հիմնականում ներառում է ամրոցի սյունազարդ դահլիճը, Իուբշա աստծուն նվիրված տաճարի շրջակա տարածքը և ամրոցից դուրս գտնվող արտաքին բնակավայրը: Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու առթիվ 2021թ․ առաքելության ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ուղեկցությամբ Երևանի փոխքաղաքապետն ու Ֆրանսիայի դեսպանը շրջել են հնավայրի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

2019թ.՝ անօդաչու թռչող սարքերի հետազոտման առաջին ծրագրից հետո, 2021-ին կրկին սկսեցին օգտագործվել նոր տեխնոլոգիաներ՝ բերդի 3D ֆոտոգրամետրական հետազոտությունն իրակակացնելու նպատակով: Հետազոտությունները հնարավորություն տվեցին հստակեցնել մշակութային մեծ համալիրի կառուցվածքը:

2021թ․ պեղումների ընթացքում շարունակվեց Իուբսայի տաճարի հրապարակի ուսումնասիրությունը, որը հնարավորություն տվեց պատկերացում կազմել մ.թ.ա. 8-րդ կամ 7-րդ դարի սկզբում դրա վիճակի և տեղադրման մասին: Հետազոտության առարկա էր նաև երեսուն սյունով մեծ դահլիճը, որպեսզի հստակեցվի դրա թվագրումը՝ ուրարտական ժամանակաշրջանի ավարտից մինչև Պարսկական Աքեմենյան կայսրությանը Հայաստանի հարելուն ընկած ժամանակահատվածում (մ.թ.ա. 7-րդ դարի վերջ. - մ.թ.ա. 6-րդ դարի կեսեր): Ուսումնասիրվում են նաև ամրոցի սահմաններից դուրս գտնվող բնակավայրերի հատվածները:

Այս հետազոտություններից զատ, հայկական և ֆրանսիական թիմերի համագործակցությունն սկսեց անդրադառնալ այս բացառիկ ժառանգությանը, որը հասնում է մինչև Երևանի սկզբնավորման ակունքները, ինչպես նաև գնահատման մեթոդներին, մասնավորապես թվային տեխնոլոգիաներով։

Հետազոտությունների այս ծրագրին աջակցում են Երևանի քաղաքապետարանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում