Ցյուրիխում գործարկվել է Շվեյցարիայի առաջին Թումո կենտրոնը

Ցյուրիխում գործարկվել է Շվեյցարիայի առաջին Թումո կենտրոնը

Թումոյի և “Creative Technologies Lab” թվային կրթությամբ զբաղվող շվեյցարական նախագծի հետ համագործակցության արդյունքում բացված կենտրոնը անվճար հիմունքներով կմատուցի Թումոյի կրթական ծրագիրը 8 ուղղությամբ` ռոբոտաշինություն, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում, 3D մոդելավորում և գրաֆիկական դիզայն:

Ծրագիրը կգործի գերմաներեն, հետագայում նաև ֆրանսերեն և իտալերեն լեզուներով: Սկզբնական շրջանում Ցյուրիխի Թումոն կունենա 700 ուսանող, սակայն շվեյցարացի գործընկերները արդեն իսկ նախատեսում են կենտրոնի ընդլայնումը։ Ծրագիրը կընդլայնվի ոչ միայն Ցյուրիխում, այլև Շվեյցարիայի այլ քաղաքներում. մշակման ընթացքում է երկրում մի քանի Թումո կենտրոններ և տուփեր տեղադրելու նախագիծը:

Թումոյի կրթական ծրագիրը արդեն գործում է Բեռլինում, Փարիզում և Լիոնում, Մոսկվայում, Տիրանայում, Կիևում, մոտ ապագայում նոր կենտրոններ է նախատեսվում հիմնադրել Լոս Անջելեսում, Ֆրանկֆուրտում, Կոիմբրայում և այլ քաղաքներում։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար կրթական ծրագիր է տեխնոլոգիաների և դիզայնի միջակայքում:

12-18 տարեկան պատանիների համար նախատեսված ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից: Կրթական ծրագիրն ունի 14 հիմնական ոլորտ` ռոբոտաշինությունից մինչև ծրագրավորում, ֆիլմերի ստեղծումից մինչև երաժշտություն:

Թումոյում ուսանողները ստանում են հմտություններ և գործիքներ` ուղղված նրանց զարգացմանը և մրցունակությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում