ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցեր են քննարկել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մարտի 23-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի։
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում ՀՀ կառավարության որդեգրած ուղենիշերը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը և առաջնահերթությունները, ինչպես նաև հարկային և մաքսային ոլորտներում վարչարարության հիմնական գործիքակազմը։ Նախագահը ներկայացրել է նաև ամերիկյան գործընկերների հետ սերտ համագործակցությունը և այդ շրջանակում առկա ծրագրերի լայն օրակարգը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան կողմի աջակցությամբ վերակառուցված ՊԵԿ շնագիտական կենտրոնի համատեղ բացման միջոցառում անցկացնելու հնարավորությանը։
Դեսպան Քրիստինա Քվինը բարձր է գնահատել կողմերի միջև մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում համագործակցությունը և վերահաստատել ամերիկյան կողմի պատրաստակամությունը հետագա աշխատանքների շարունականության հարցում։ Դեսպանն, ի թիվս այլ առաջնահերթությունների, հատկապես կարևորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ամերիկյան կողմի հանձնառությունը և հայկական կողմի հետ համագործակցությունը։
Կողմերը բարձր են գնահատել ԱՄՆ դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ։
Կարծիքներ