Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ կամ պակասուրդ առկա չէ. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ կամ պակասուրդ առկա չէ. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է մամուլում հրապարակված, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումները շաքարավազի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

«Կատարված ճշգրտումների արդյունքներով, նախնական տվյալների համաձայն՝ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ, ինչպես նաև պակասուրդ առկա չէ:

Շաքարավազի ներմուծման գործընթացն ընթանում է բնականոն հունով, արդեն իսկ ներմուծվել են նոր խմբաքանակներ և իրականացվել է մեծածախ վաճառք:

Հանձնաժողովի աշխատակազմը նաև կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել:

Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է գների նվազման միտում: Մասնավորապես հուլիսին կգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է շուրջ 370 դրամ: Հարկ է նշել, որ շաքարավազը վաճառվում է ինչպես կգ-ով, այնպես էլ փաթեթավորված, և դրանց գները տարբերվում են:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովն օրեր առաջ հանդես էր եկել հրապարակմամբ մի շարք ապրանքների, այդ թվում՝ շաքարավազի գների մոնիթորիգի արդյունքների վերաբերյալ:

Հորդորում ենք արհեստական պակասուրդի, ինչպես նաև գների բարձրացման վերաբերյալ փաստերի առկայության դեպքում դիմել Հանձնաժողով և զերծ մնալ չհիմնավորված և հանրությանն ապակողմնորոշող մեկնաբանություններից:

Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում