Հանրապետության ողջ տարածքում կներդրվի ռադիոմոնիթորինգի համակարգ․ Գործադիրը հաստատեց որոշումը
Կառավարության հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված «Rohde & Schwarz» գերմանական ընկերությունը Հանրապետության ամբողջ տարածքում կտեղադրի ռադիոմոնիթորինգի համակարգ։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Նպատակն էլ, ինչպես նշվում է, անվտանգության ապահովումն է։
Նախագծով հիմնավորվում է, որ ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրումը բազմաթիվ խնդիրներ կլուծի՝ կապված բջջային կապի և հեռուստառադիոծրագրերի հեռարձակման ծառայությունների որակի, ավիացիոն և ավտոմոբիլային ռադիոնավիգացիոն համակարգերի անխափան գործունեության հետ։
Նշվում է նաև, որ ռադիոեթերի շուրջօրյա ռադիոմոնիթորինգ այժմ իրականացվում է միայն Երևան քաղաքում, որի համար տեխնիկական բազա է հանդիսանում 2002 թվականին կանադական Aerosystems International ֆիրմայի կողմից տեղակայված ռադիոմոնիթորինգի համակարգը, իսկ Գյումրի և Վանաձոր քաղաքներում ռադիոմոնիթորինգն իրականացվում է 8-ժամյա աշխատանքային ռեժիմով և մինիմալ տեխնիկական հնարավորություններ ունեցող մեկական կայաններով:
Համաձայն հիմնավորման՝ համակարգը ծառայելու է նաև ԱԱԾ–ի ու ՊՆ–ի որոշակի օպերատիվ խնդիրների լուծմանը։
Կարծիքներ