Թուրք ազգայնական կուսակցապետը սպառնացել է Փայլանին ու «խորհուրդ տվել» լքել Թուրքիան
Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին անդրադարձել է մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի` Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչման առաջարկին:
Ermenihaber-ի փոխանցմամբ, Բահչելին սպառնացել է, որ մեջլիսը Փայլանին կզրկի պատգամավորական մանդատից՝ ասելով.
«Դավաճանությունը դավաճանություն է, դրա թարսն ու շիտակը չկա: Կամ ինքը պետք է ասի՝ սա իմ մեջլիսը չէ, կամ էլ մեջլիսը կանի անհրաժեշտը և սրան դուրս կնետի: Որտեղ որ ցանկանա գնալ, թող կապ հաստատի այնտեղի հայկական սփյուռքի հետ: Իրեն խորհուրդ կտամ Ամերիկա գնալ»,- ասել է Բահչելին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դավաճան» է անվանել «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, քանի որ վերջինս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։
Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների Ժողովրդավարական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ, որով առաջարկվում է սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել դրա մեղավորների անունները:
Այս ամենից հետո նրա դեմ ատելության խոսքեր են ուղղել Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակները:
Ի պատասխան դրան և ի պաշտպանություն Փայլանի՝ սոցմեդիայի թուրքական տիրույթում տարբեր հեշթեգերով աջակցության արշավ է սկսվել։
Կարծիքներ