Պետք է տարանջատել խաղաղ ցուցարարներին՝ բռնարարներից և հանցագործներից. Դանիել Իոաննիսյան

Պետք է տարանջատել խաղաղ ցուցարարներին՝ բռնարարներից և հանցագործներից. Դանիել Իոաննիսյան

Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների՝ խաղաղ ու ոչ-խաղաղ ցուցարարների նկատմամբ վերաբերմունքը լինի ընդգծված ու կանխատեսելիորեն տարբերվող:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյան ու նշել, որ պետք է տարանջատել խաղաղ ցուցարարներին՝ բռնարարներից և հանցագործներից:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Այդ դեպքում ցանկացած մարդ կիմանա, որ քանի դեռ ինքը խաղաղ հավաք է անում՝ պետությունն իրեն պաշտպանում է, իսկ եթե հանկարծ դուրս եկավ խաղաղ լինելու սահմաններից (կամ հանցանք գործեց)՝ ինքը դառնում է պետության ու հասարակության դե-ֆակտո թշնամին:

Խաղաղ ցուցարարը ունի Սահմանադրության 44-րդ հոդվածով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով ամրագրված իրավունքներ, որոնք ոստիկանությունը ոչ միայն չպիտի խախտի, այլև պիտի ապահովի, որ այլոք չխախտեն այդ իրավունքնեերը:

Բայց բռնությունների դիմող, աջ ու ձախ անցորդներին հայհոյող, բռնության հրապարակային կոչեր անող, ներազգային թշնամանք հարուցող, ցույցին մասնակցելու համար փող տվող և խուլիգանական պահվածք ցուցաբերող անձինք պետք է իրավապահների կողմից պատշաճ հակազդեցության արժանանան:

Նախ ոստիկանությունը պարտավոր է հնարավորինս արագ կասեցնել հանցավոր արարքներ կատարող ցուցարարներին՝ լինի դա բռնություն, թե այլ հանցագործություն: Ապա՝ իրավապահ ու դատաիրավական համակարգը պետք է ապահովի այդ մարդկանց պատժի անխուսափելությունը:

Իրավապահ համակարգը, սակայն, ցավոք սրտի, թերանում է թե՜ խաղաղ ցուցարարների իրավունքների ապահովման և թե՜ հանցավոր արաքներ գործող ցուցարաների դեմ պայքարի գործում:

Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների՝ խաղաղ ու ոչ-խաղաղ ցուցարարների նկատմամբ վերաբերմունքը լինի ընդգծված ու կանխատեսելիորեն տարբերվող: Այդ դեպքում ցանկացած մարդ կիմանա, որ քանի դեռ ինքը խաղաղ հավաք է անում՝ պետությունն իրեն պաշտպանում է, իսկ եթե հանկարծ դուրս եկավ խաղաղ լինելու սահմաններից (կամ հանցանք գործեց)՝ ինքը դառնում է պետության ու հասարակության դե-ֆակտո թշնամին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում