ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին
ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք հաստատվել են օգոստոսի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստում, հետադարձ ուժ չունեն:
Սա նշանակում է, որ նախագծի ընդունմամբ չի դադարեցվի եկամտային հարկի վերադարձն այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև այս նախագծով սահմանվող վերջնաժամկետները։ Այսինքն՝ շահառուները, ովքեր օգտվում են այս արտոնությունից և ստանում են եկամտային հարկի գումարները, շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային hարկի գումարները այնպես, ինչպես ստանում էին մինչ այժմ։
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների նախագծով մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝
ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում,
բ․ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,
գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում,
դ․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում։
Բացի այդ, նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ այս սահմանափակումները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մասով։
Կարծիքներ