Սպիտակ տունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Սալիվան
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը անդրադարձել է Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր հանդիպմանն ու ողջունել Երևանի և Բաքվի արձանագրած առաջընթացը բանակցություններում:
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ Սալիվանը նշել է.
«Ուրախ էի այսօր Սպիտակ տանը հյուրընկալել արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և տարածաշրջանի հնարավորությունների բացման բանալին»:
Հիշեցնենք՝ մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Կարծիքներ