Կիմ Չեն Ընը հրահանգել է արագացնել «պատերազմի նախապատրաստվելու» գործընթացը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է զորավարժությունների վայր և կարգադրել մեծացնել զինծառայողների մարտական պատրաստության բարձրացման ջանքերի ինտենսիվությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից:
Նշվում է, որ ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ Կիմ Չեն Ընը մարտի 6-ին այցելել է Կորեայի ժողովրդական բանակի խոշոր ռազմակայան երկրի արևմտյան մասում, որը նախատեսված է օպերատիվ վարժանքների համար, որտեղ ստուգել է վարժական կառույցները և ղեկավարել զորամասերի գործնական զորավարժանքները։
«Թշնամիների մշտական սպառնալիքը ճնշող ուժով զսպելու, պատերազմի սանձազերծման փոքրագույն փորձերը հետևողականորեն խափանելու և արտակարգ դրության դեպքում հանձնարարված կարևոր խնդիրները ճշգրիտ կատարելու համար մեր բանակը պետք է իրեն առաջադրի ամենախիստ պահանջները և մշտապես ավելացնի գործնական վարժանքները՝ մարտական պատրաստության արագ բարձրացման համար պատերազմին լիակատար պատրաստության ապահովման նպատակով՝ փոփոխություններին և դրա արդի ձևերին համապատասխան», - մեջբերել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը Կիմ Չեն Ընի խոսքը։
Հյուսիսային Կորեայի ղեկավարն ընդգծել է, որ զինված ուժերը բոլոր մակարդակներում պետք է սկսեն «պատերազմի նախապատրաստման արագացման» նոր բուռն շրջան՝ ներկայիս իրադրությանը համապատասխան։ Կիմ Չեն Ընը նախանշել է զորավարժությունների ինտենսիվության մակարդակի բարձրացման խնդիրները՝ ապահովելու համար «պատերազմում հաղթանակը»՝ դրա տեղի ունենալու դեպքում։
Մարտի 4-ին Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն սկսել են Freedom Shield լայնածավալ զորավարժությունները:
Կարծիքներ